Սփյուռքի նախարարն այցելել է Մեծ Բրիտանիա, հանդիպել է հայ համայնքի հետ

13:32 • 04.04.12

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագա¬վորություն կատարած այցի առաջին օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, այնուհետև Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանին:

Ըստ Սփյուռքի նախարարության հաղորդագրության՝ Մարտին Եսայանի հետ քննարկվել են առաջիկայում Գյուլբենկյան հիմնարկության կողմից Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում իրականացվելիք ծրագրերը:

Օրվա երկրորդ կեսին Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ուելսի եկեղեցական հայրերի պատվիրակության հետ: Հարավային Ուելսի եկեղեցական խորհրդի նախագահ Ջոն Թորոսյանը ներկայացրել է համայնքի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները` անդրադառնալով հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք ձեռնարկներին:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է համայնքային կառույցների ղեկավարներին և ներկայացուցիչներին: Հրանուշ Հակոբյանը հանդես է եկել ընդարձակ ելույթով` ներկայացնելով Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու հիմնական ծրագրերը:

Հանդիպման վերջում ներկաները դիտել են ՀՀ սփյուռքի նախարարության եռամյա գործունեության մասին ֆիլմ: Նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Հայաստանի գործարար միջավայրին, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին և այլն:

Հաջորդ օրը նախարարն այցելել է Սուրբ Սարգիս և Սուրբ Եղիշե հայկական
եկեղեցիներ, հանդիպել հոգևոր սպասավորների և համայնքի ներկայացուցիչների հետ:
Լոնդոնի մեկօրյա դպրոցի տնօրեն Ռուզան Թաթուլյանի հետ հանդիպմանը քննարկվել են կրթական ոլորտին առնչվող մի շարք ծրագրեր:

Այնուհետև Հրանուշ Հակոբյանը հանդիպել է համայնքային և եկեղեցական խորհրդի անդամներին, քննարկվեցին համայնքի հիմնախնդիրները, անդրադարձ է կատարվել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հանձնախմբի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:

Օրվա երկրորդ կեսին նախարարը հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ, գործարար Արմեն Սարգսյանին, ում հետ քննարկվել է «Երևան, իմ սեր» ծրագրի ընթացքը:

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: