Ֆրանսիայի տարբեր ծայրերում իսլամիստների ձերբակալության գործողություններ են տեղի ունեցել

23:25 • 04.04.12

Այսօր առավոտյան Ֆրանսիայի միաժամանակ մի քանի քաղաքներում, մասնավորապես դրանց մահմեդական թաղամասերում, հատուկ ծառայությունների խոշորածավալ գործողություններ են անցկացվել: Ձերբակալվել է 10 մարդ: Բոլոր ձերբակալվածները կասկածվում են մահմեդական ծայրահեղական խմբավորման հետ կապերի մեջ, հաղորդում է vesti.ru-ն:

Հատուկ ծառայությունների գործողությունները սկսվել են առավոտյան ժամը 6-ին Ֆրանսիայի հակադիր ծայրամասերում` հարավ, հարավ - արևմուտք և հյուսիս` Բելգիայի սահմանի մոտ: Գործողությունները իրականացրել են այն նույն ստորաբաժանումները, որոնք Թուլուզում 36 ժամ գրոհում էին Մոհամեդ Մերայի տունը:

Իրավապահները պնդում են, որ ձերբակալված 10 անձանցից յուրաքանչյուրը համապատասխանում է «թուլուզյան հրաձիգի» հանցավոր նկարագրին: Դա նշանակում է` միայնակ, ծայրահեղական ուսմունքներով տարված, եղել է Աֆղանստանում կամ Պակիստանում: Ձերբակալվածների անունները դեռևս չեն բարձրաձայնվում, սակայն հակաահաբեկչական օրենսդրության համաձայն, կարելի է նրանց մինչև 6 օր առանց մեղադրանք ներկայացնելու կալանքի տակ պահել: Իսկ մեղադրանքը չի ուշանա, քանի որ ահաբեկչության դեմ պայքարը գործող նախագահ և Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզիի նախընտրական խոստումների կարևոր բաղադրիչ է:

Նախօրեին, «Ֆուրսան Ալ-Իզզա» կրոնական խմբի մասնակիցներին ահաբեկչության նախնական մեղադրանք է ներկայացվել, ենթադրվում է, որ հենց այդ մահմեդական կազմակերպության անդամ է եղել Մերան, և որը ստանձնել էր թուլուզյան ահաբեկչության պատասխանատվությունը:

«Ըստ առկա տեղեկությունների, Մոհամեդ Ահամլան հանդիսանում է ծայրահեղական պրոպագանդիստական «Ֆուրսան Ալ-Իզզա» (Պատվի ասպետներ) կայքի հիմնադիրը և իր շուրջն է հավաքել մի խումբ մարդկանց, ովքեր ֆիզիկական և հոգեբանական մշակում են անցել` Ջիհադին մասնակցելու նպատակով: Ձերբակալությունները իրականացվել են այն բանից հետո, երբ կայքում բաց կոչ է հրապարակվել զինված պայքար սկսելու վերաբերյալ», - պատմել է գործով զբաղվող դատախազ Ֆրանսուա Մոլենը: