Կանխվել է «Զատիկ» մանկատան սանի ինքնասպանությունը

16:56 • 04.04.12

Երեկ` ապրիլի 3-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները կանխել են ինքնասպանության փորձ:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ոստիկաններ Արման Ալեքսանյանն ու Կնյազ Բարսեղյանը գիշերային ծառայության ժամանակ` ժամը 23.50-ի սահմաններում, նկատել են, որ Կիևյան կամրջի վրա մի աղջիկ երեխա է կանգնած:

Ոստիկանները, մոտենալով աղջնակին, պարզել են, որ վերջինս ցանկանում է իրեն նետել կամրջից: Իրավապահները, սակայն, կարողացել են կանխել այդ մտադրությունը և աղջկան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Պարզվել է, որ այդ աղջիկը 16-ամյա Ա.Մ-ն է, ով ժամանակավորապես հանձնված է եղել «Զատիկ» մանկատան խնամքին: Պարզվել է նաև, որ Ա.Մ.-ն փախուստի էր դիմել մանկատնից:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վլադ Անոյանի կողմից նյութեր են նախապատրաստվել:

Գ.Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ նախապատրաստված նյութերն ուղարկվեցին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժին: