Կոմկուսը ընտրությունների կգնա «Իշխանությունն ու հարստությունը վերադարձնենք ժողովրդին» կարգախոսով
Հայաստանի կոմունիստական կուսակցությանն առաջարկվել է ընտրել կարգախոս. «Ընտրիր և փնտրիր»: Նման առաջարկություն ժողովրդի հետ հանդիպումից ստացել է ՀԿԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը: Առաջարկն, ըստ նրա, հասկանալի է. պատգամավորները հայտնվում են ընտրություններից առաջ, ընտրվում են և նրանց գտնելն արդեն անհնարին է:
Կոմունիստներն արդեն ընտրել են իրենց համար ոչ միայն մեկ, այլ առայժմ երկու կարգախոս՝ «Իշխանությունն ու հարստությունը վերադարձնենք ժողովրդին» և «Կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է»:
Այսօր հրավիրված ասուլիսին կոմկուսի առաջնորդը հավատացրեց, որ իրենք հետևում են սոցկայքերում արված հարցումներին և հասկացել են, որ նրանց վստահողների թիվը կազմում է 11%: Թե քանի հոգու շրջանակներում է նման հարցումներն իրականացվել, այդ մասին ընկեր Թովմասյանը չնշեց, սակայն նկատեց, որ իրենց հույսերն ավելի բարձր են՝ մինչև 15 տոկոս:
«Ժողովուրդը զզվել է այս համակարգից բառիս բուն իմաստով: Երկու ճանապարհ ունի, կամ ստրկանալ, կամ բռնել արտագաղթի ճանապարհը: 10 մլն հայ ազգից հայտնի չի թե երկրում ինչքան է ապրում: Մենք 35000-անոց մայրաքաղաքը դարձրինք 1,5 մլն: Հայաստանը համարվում էր Սովետական Միության գիտության օրրաններից մեկը»,-հիշեցրեց նա:
Կոմկուսի ղեկավարը մտահոգություն հայտնեց, որ դեռևս պաշտոնապես չի մեկնարկել քարոզարշավը, սակայն որոշ կուսակցություններ արդեն անցել են գործի: Իրենք օրենքի համաձայն՝ քարոզարշավ կսկսեն ամսի 8-ին: «Բաց կթողենք մեր տեսահոլովակը, կաշխատենք և անպայման կլինենք բոլոր մարզերում: 45 շրջանային կառույցները մարտական վիճակի են բերվել»,-ասաց նա:
ՀԿԿ ղեկավարը մի փոքր էլ անդրադարձավ ԱԺ մտնելուց հետո իրենց կողմից բարձրացված առաջին երկու օրենքներից: «Առաջինը նշելու ենք, որ երկրում պետական մասշտաբի խոշոր հանցագործություն է տեղի ունեցել և այն պետք է վերադարձվի ժողովրդին և ապա ժողովորոդին իրավունք տալ ետ կանչելու ընտրված դեպուտատին»,-ասաց նա:
Կոմունիտական կուսակցությունը շարունակելու է առաջնորդվել Կարլ Մարքսի մանիֆեստով, քանի որ ինչպես Ռուբեն Թովմասյանն է ասում, այսօր ամբողջ աշխարհն է շրջվել դեպի Կարլ Մաքսի գաղափարախոսությունը, «որպեսզի փրկեն այս փտած համակարգը»:
Ի դեպ, ըստ Թովմասյանի, ՀԿԿ-ն ունի 20 hազ անդամ, որի 30%-ը երիտասարդներ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին անև կոմկուսի երիրտասարդական թևի առաջնորդը, ով նույնպես ընդգրկված է ՀԿԿ համամասնական ցուցակում, ով նկատեց, որ իրենք աշխատելու են այնպիսի Հայաստան ստեղծեն, որ բոլորն աշխատանք ունենան, այդ թվուն նաև երիտասարդները:









