ՌԴ արդարադատության նախարարը Pussy Riot-ի ազատազրկմանը դեմ է, սակայն դեմ է նաև Amnesty International-ի որոշմանը
Ռուսաստանի արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովը չի կարծում, որ Pussy Riot խմբի մասնակից աղջիկներին, ովքեր ձերբակալվել էին Մոսկվայի գլխավոր եկեղեցում իրականացրած ակցիայի համար, պետք է ազատազրկման դատապարտվեն, հաղորդում է BBC գործակալությունը:
«Որպես իրավաբան՝ ես կարող եմ դա սթափ և իրատեսականորեն գնահատել: Չեմ կարծում, որ նրանք արժանի են խիստ պատժի: Պարզապես պատժի արժանի են, դատվածության, կարծում եմ, այո: Սակայն դժվար թե իրական ազատազրկման», - ասել է Կոնովալովը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ որպես քրիստոնյայի՝ իրեն այդ ակցիան շատ տհաճ էր:
Սակայն նախարարը նշում է, որ իրավապաշտպան Amnesty International կազմակերպության որոշումը, որով խմբի աղջիկները խղճի բանտարկյալ են ճանաչվում, իրավական փակուղու է հանգեցնում:
«Պարադոքսալ երևույթ է և հակասում է իրավունքի կանոններին: Ստացվում է, որ ես իրավունք ունեմ վիրավորելու, ցնցելու, նվաստացնելու և ստորացնելու ուրիշների արժանապատվությունը», - ասել է ՌԴ արդարադատության նախարարը:
Հիշեցնենք, որ Amnesty International կազմակերպության ռուսաստանյան բաժանմունքի ղեկավար Սերգեյ Նիկիտինը` երեքշաբթի հայտարարել էր, որ նույնիսկ եթե 3 ձերբակայված կանայք ակցիային մասնակցել են, ՌԴ իշխանությունների նման կոշտ պատասխան միջոցները` ձերբակալությունը և նման լուրջ մեղադրանքներ ներկայացնելը, չարդարացված կոշտ պատասխան են` խաղաղ, չնայած և շատերի համար վիրավորական, քաղաքական համոզմունքների արտահայտմանը: Նշանակում է, այդ երեք կանայք կարող են համարվել խղճի բանտարկյալներ:









