Լոս Անջելեսի հայերը կհամագործակցե՞ն թուրքերի հետ

11:06 • 04.04.12

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը կազմակերպել է արշավ՝ թուրքերի ու հայերի միջև «բարեկամանական հարաբերություններ» ստեղծելու նպատակով և կոչ է անում հայ համայնքին միանալ այդ արշավին:

Համաձայն «Ասպարեզ»-ի ունեցած տեղեկությունների՝ Թուրքիայի հյուպատոսարանը ձգտում է ներգրավել համայնքի ղեկավարներին, ձեռնարկատերերին, գործարարներին՝ մարդկանց, ովքեր, ըստ իրենց, կնպաստեն Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ ստեղծելով համագործակցության շինծու մթնոլորտ:

«Իրականում սա շատ վտանգավոր նախաձեռնություն է, որը խորը արմատներ է գցել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Կասկածների տեղիք է տալիս նաև ընտրված ժամանակը՝ Ցեղասպանության տարելիցի նախօրեն. Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի թաքցնի իր կատարած հանցագործությունը՝ ներգրավելով ԱՄՆ-ի հայ համայնքը:

Թուրքիայի հյուպատոսարանը օգտագործում է իր բոլոր կապերն ու լծակները հայերի հետ կապ հաստատելու համար: Դժբախտաբար կան մարդիկ, ում համար ֆինանսական գործոնը ավելի կարևոր է, քան Հայկական հարցի արդար լուծումը՝ մասնավորապես ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այս մարդիկ կարող են ծառայել որպես բանագնաց այս զզվելի նախաձեռնությունում», - հայտնում է ամերիկյան հայկական պարբերականը:

Պարբերականը նշում է, որ զուգահեռ գործում են նաև լավ ֆինանսավորված կազմակերպություններ՝ այսպես կոչված «կամուրջներ», որոնք փորձում են ներգրավել ԱՄՆ-ի հայ համայնքը նմանատիպ նախաձեռնություններում:

Հայաստանի ԱԳՆ-ն իր դեսպանատան, հյուպատոսարանի միջոցով նույնպես կարող է մասնակցել այս գործընթացում և դատապարտել այս նախաձեռնությունը, որը միտված է պառակտելու ԱՄՆ-ի հայ համայնքը, – եզրափակում է Ասպարեզը: