Սերգեյ Մադաթյանն առաջարկում է արտասահմանից ժամանած հյուրերին դիմավորել աղ ու լավաշով
Պատմաազգագրական և խոհարարական ավելի քան 28 գրքերի հեղինակ Սերգեյ Մադաթյանը դեռևս մի քանի ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ է ուղարկել, որով առաջարկել է արտասահմանից ժամանած հյուրերին դիմավորել ոչ թե ավանդական աղ ու հացով, այլ՝ աղ ու լավաշով:
«Այդ բոքոն հացը ունեն բոլոր ազգերը, իսկ լավաշ՝ միայն մենք: Հենց նման քայլեր պետք է ձեռնարկենք, որ մեր ազգայինին ոչ մեկը չտիրանա, թե չէ աչքներս կթարթենք ու կտեսնենք հարևան երկրներից մեկը հայտատրարել է, որ լավաշը իրենցն է»,- այս մասին նա ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին:
Սերգեյ Մադաթյանը նաև տեղեկացրեց, որ ինքը նախագահին ուղղված նամակում առաջարկել է կառուցել մի հուշարձան համալիր, որտեղ ներկայացված կլինի թոնրի առաջ լավաշ թղող հայ կինը, որի կողքին սեղանի վրա կմատուցվի հայկական ազգային ուտեստները:
«Նամակս վստահ եմ, որ նախագահին չի հասել, ուղարկել են քաղաքապետարան : Քաղաքապետրանից էլ ասացին, որ առաջարկն ընդունվել է և կկառուցվի հուշարձան լավաշին: Ինձնից էսքիզներ պահանջեցին: Ես ուզում էի մեծ համալիր կառուցվեր, որը նաև մեծ հետաքրքրություն կառաջացներ զբոսաշրջիկների շրջանում»,- ասաց նա:









