Ապրիլի 5-7-ը Երևանում կանցկացվեն Մոսկվայի օրեր
Ապրիլի 5-ին Օպերայի և բալետի թատրոնում նախատեսված գալա-համերգով կտրվի Երևանում Մոսկվայի օրերի միջոցառումների մեկնարկը:
Այսօր թեմայի շուրջ հրավիրված ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի մշակութային գծով խորհրդական Արամ Սուքիասյանը նաև տեղեկացրեց, որ վաղը Օպերայի բեմում ելույթ կունենան «Ռուսկայա դուշա» նվագախումբը, «Սբորնայա սոյուզա» ջազ բենդը, «Տեստա» պարային համույթը, «Խոր Տուրեցկոգո» խումբը և ռուսական Մեծ թատրոնի մենակատարներ:
«Սպասվում է մեծ և հետաքրքիր տոն: Սա ռուսական մշակույթի ներկայացման համար փայլուն հնարավորություն է»,- նշեց Արամ Սուքիասյանը՝ ավելացնելով, որ արդեն Հայաստան են ժամանել Մոսկվայի պատվիրակությունը՝ Մոսկվայի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի գլխավորությամբ:
Մոսկվայի օրերի մյուս կարևոր մշակութային միջոցառումը, ըստ Սուքիասյանի, ապրիլի 6-ին «Մեցցո» ակումբում կազմակերպվող ջազային երեկոն է, որտեղ ջազային կատարումներով հանդես կգան հայկական և ռուսական ջազ բենդներ:
«Բացի այդ կլինեն ցուցահանդեսների բացումներ, կլոր սեղաններ, և այլ միջոցառումներ»,- ավելացրեց Սուքիասյանը:
Ռուսական օրերի ընթացքում, որոնք կտևեն մինչև ապրիլի 7-ը, Մայակովսկու անվան դպրոցում կբացվի լինգաֆոնային կաբինետ:
Սուքիասյանը տեղեկացրեց նաև, որ ապրիլի 25-27-ը Երևանում կանցկացվեն Սանկտ Պետերբուրգի օրեր:
2012–ի ընթացքում Երևանի օրեր կկազմակերպվեն ռուսական քաղաքներում` աշնանը` Սանկտ Պետերբուրգում, իսկ ամռանը` Մոսկվայում:










