Կայացել է Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարների հանդիպումը

12:12 • 04.04.12

Այսօր, ապրիլի 4-ին կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Էրկկի Տուոմիոյիայի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ բազմակողմ գործակցության խորացումը, և ես վստահ եմ, որ այս այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև եղած բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման և դրանց հետագա զարգացման համար»:
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը նշել է, որ ուրախ է այցելել Երևան և շարունակել երկխոսությունը՝ տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Տուոմիոյիան գոհունակությամբ արձանագրել են համապարփակ համագործակցությունը զարգացնելու փոխադարձ շահագրգռվածությունը` ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամք և լավ նախադրյալներ:

Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությանը, այդ ձևաչափում իրականացվող ծրագրերին:
Բանակցությունների օրակարգում են եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումները, խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Էրկկի Տուոմիոյիան ներկայացրել է Ֆինլանդիայում տեղի ունեցող ընտրական գործընթացները:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրել է, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները: