ՕԵԿ 170 հազ. անդամից 120 հազ–ը կին է. կայացավ ՕԵԿ կանանց միության 7-րդ համագումարը
«Օրինաց երկիր» կուսակցության 170 հազարանոց հզոր բանակի անունից թույլ տվեք շնորհավորել մեր կուսակցության կանանց միության 7-րդ համագումարը: Այս խոսքերով ողջունեց ՕԵԿ առաջնորդ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ կառավարության ընդունելությունների տանը այսօր մեկնարկած ՕԵԿ կանանց միության 7-րդ համագումարի բացումը:
«Նվիրված կնոջ դերը մեր կյանքում շատ մեծ է: Հայ կնոջ դերը մեր հասարակության մեջ այսօր շատ մեծ է: Մենք ուզում ենք, որ հայ կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի կառավարման համակարգում: Դա է պատճառը, որ մեր կուսակցության համամասնական ցուցակում շատ մեծ թվով կանայք կան, որոնց մի մասը կդառնան պատգամավորներ, մի մասն էլ կանցնեն պետական այլ աշխատանքի: Կնոջ դերը մեր քաղաքական կյանքում շատ մեծ կարևորություն ունի: Ես ուզում եմ, որ մեր կանայք միայն լավատեսությամբ նայեն մեր ապագային»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը իր խոսքում ասաց նաև, որ ինքը «անուղղելի լավատես է» և հորդորեց բոլոր կանանց էլ լինել լավատես:
«Ես ուզում եմ մեր կուսակցության 120 հազար կանանց մաղթել հաջողություններ բոլոր ձեռնարկումների ժամանակ»,-եզրափակեց Ա. Բաղդասարյանը:
ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն էլ իր ելույթի ժամանակ ասաց, որ կուսակցությունում կանայք շատ են, քանի որ գնահատում են ՕԵԿ ղեկավարին:
«Ես կոչ եմ անում ՕԵԿ-ի բոլոր կանանց գրավել բոլոր ընտրատեղամասերը, և թույլ չտալ որ լինի որևէ ընտրախախտում: ՄԵնք պետք է պայքարենք այսօր, որովհետև մենք լավ գիտենք սոցիալական անհավասարությունը և չպետք է թույլ տանք որ մարդկանց ձայները գնեն: Մենք պետք է այնպես անենք, որ մեր տեսակը շատանա: Ես հորդորում եմ , որ հանուն օրենքի երկրի կառուցման համար այս մեկ ամիսը ոտքի կանգնենք բոլորս միասին»,-ասաց Հեղինե Բիշարյանը:
Նշենք նաև, որ համագումարին եկած կանանց անակնկալ էր սպասվում, ՕԵԿ-ից նրանց նվիրեցին մանկատնից ձեռք բերված սրբապատկերներ:
Նշենք, որ համագումարի ավարտին կնտրվի ՕԵԿ կանանց միության ղեկավար կազմը: ՕԵԿ կանանց միության գործող ղեկավարն է Մարինե Քոչարյանը:









