Ընտրողների 39.3%-ը ասել է, թե դեռ չի կողմնորոշվել՝ ում է տալու իր քվեն. սոցիոլոգ
Հայաստանում անցած շաբաթ 1650 չափահասների շրջանում անցկացված հարցումը պարզել է, որ նրանց 39.3%-ը դեռ չի կողմնորոշվել, թե ում է տալու իր ձայնը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին, այս մասին այսօր ասուլիսն հայտնեց հարցումն անցկացրած «Սոցիոմետր» կազմակերպության ղեկավար սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Հարցվածների 47%-ը նշել է, որ արդեն գիտի, թե ում օգտին է քվեարկելու: Հարցման մասնակիցների միայն 13.6%–ն է հրաժարվել հայտնել, թե ում է պատրաստվում տալ իր քվեն:
«Հարցումներից պարզվել է, որ տատանվողները կգան ընտրության, եթե լավ քարոզ լինի, լավ եղանակ, անձնական հարցի լուծում, հատուկ վերաբերմունք, այսինքն՝ տրանսպորտ: Իսկ վճարի է սպասում միայն 3%–ը»,- ասաց Ադիբեկյանը:
Համաձայն սոցիոլոգի ներկայացրած տվյալների՝ լավ քարոզարշավի դեպքում ընտրության կգնա ընտրողների 13.5%–ը, լավ եղանակի դեպքում` 5%–ը, անձական հարցերի լուծման դեպքում` 4.8%–ը:
Կազմակերպությունը նաև փորձել է պարզել, թե բնակչության որքան մասն է հետաքրքրված գալիք խորհրդարանական ընտրություններով: Հարցվածների 25.5%-ն ասել է, որ «ընդհանրապես հետաքրրքված չէ», իսկ 26.5%-ն ասել է, որ հետաքրքրված է։ Մասնակիցների 37%–ն ասել է, որ իրենք հետևում են կարևոր իրադարձություններին, իսկ է11 տոկոսն ասել է, որ դեռ չի հետևում:









