ԱՄՆ-ը գաղտնի լրտես-արբանյակ է արձակել
Միացյալ Նահանգների Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչությունն արձակել է գաղտնի արբանյակով տիեզերական հրթիռ, հայտնում է Associated Press-ը:
Delta-4 հրթիռի արձակումն իրականացվել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի` Կալիֆորնիայի «Վանդենբերգ» բազայից: Ամերիկյան հեռուստաալիքները ցուցադրել են միայն հրթիռի` գետնից պոկվելու առաջին երեք րոպեները:
Ըստ շրջանառվող լուրերի` ամերիկյան հետախուզությունն ուղեծիր է դուրս բերել հզոր ռադիոտեղորոշիչ լրտես-արբանյակ, որն ունակ է վերգետնյա օբյեկտներին հետևել գիշերն ու վատ եղանակային պայմաններով:
Արբանյակի արձակումը պետք է իրականացվեր դեռ մեկ շաբաթ առաջ, սակայն հետաձգվել էր` հրթիռի վերջին աստիճանի շարժիչի անսարքության պատճառով:
ԱՄՆ-ը վերջին տարիներին արձակել է գաղտնի արբանյակների շարք: Հաղորդվում է, որ երկիրը թարմացնում է տիեզերական հետախուզության տարրերը:









