Վարչական դատարանը մերժել է Խաչատուր Սուքիասյանի դիմումը

19:03 • 04.04.12

Քիչ առաջ Վարչական դատարանը մերժել է ՀԱԿ անդամ Խաչատուր Սուքիասյանի դիմումը՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 28.03.2012թ. թիվ 6-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Վճռի հրապարակման պահին ներկա չեն եղել ոչ հայցվոր Խաչատուր Սուքիասյանը, ոչ էլ՝ վերջինիս շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը:

Նշենք նաև, որ այսօր, այսօր, ժամը 14-ին վարչական դատարանում պետք է լսվեր Խաչատուր Սուքիասյանի մեկ այլ հայցն՝ արդեն ընդդեմ ԿԸՀ-ի:

Արա Զոհրաբյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ վարչական դատարանի որոշման կապակցությամբ հանդես են գալու հայտարարությամբ, որը կհրապարակեն մոտակա ժամերին։ Մինչ այդ Զոհրաբյանն ասաց. «Մեր կարծիքով վարչական դատարանը ընտրական իրավունքի խախտումը չի վերացրել»,– տեղեկացրեց Զոհրաբյանը։

Խաչատուր Սուքիասյանը հայց էր ներկայացրել՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 01-04-2012 թ. թիվ 84-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ ԿԸՀ-ն մերժել էր Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի 10-րդ
համարում ընդգրկված` թեկնածու Խաչատուր Ալբերտի Սուքիասյանի գրանցումը
Այսօր ՀՀ վարչական դատարանը ընդունել է ուշագրավ մի արձանագրություն, ըստ որի, դատարանի աշխատակիցը այսօր սահմանված կարգով դատական ծանուցագիրը փորձել է ներկայացնել հայցվոր կողմին՝ Խաչատուր Սուքիասյանին, սակայն դա նրան չի հաջողվել:

Ըստ արձանագրության, Խաչատուր Սուքիասյանի թիկնազորից դատական աշխատակցին ասել են. «Շեֆը քնած ա, մենք իրավունք չունենք արթնացնելու»: Դատական ցրիչը առաջարկել է որևէ կերպ տեղեկացնել Խաչատուր Սուքիասյանին ծանուցագրի մասին, սակայն թիկնապահները հրաժարվել են դա անել, ասելով, որ ոչ կարող են Խաչատուր Սուքիասյանին արթնացնել, ոչ էլ կարող են իրենք ընդունել ծանուցագիրը:

Արձանագրության համաձայն, դատական նիստի ծանուցագիրը հրաժարվել է ընդունել նաև Խաչատուր Սուքիասյանի շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը, ում զանգահարել ու խնդրել են օգնել ծանուցման հարցով՝ հաշվի առնելով, որ նախորդ դատական գործով հենց վերջինիս միջոցով ծանուցագիրը ներկայացվել Խաչատուր Սուքիասյանին: Զոհրաբյանը հրաժարվել է օգնել:

Արա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ իրեն դատարանի ոչ մի աշխատակից չի մոտեցել:
Հարցին, թե, ի վերջո, ինչն է պատճառը որ չեն ստացել ծանուցագիրը, Արա Զոհրաբյանն ասաց. «Ես չեմ հրաժարվել ծանուցագիրն ընդունել, պարզապես զանգել են, ես էլ ասել եմ, որ կարգ գոյություն ունի և այդ կարգին համապատասխան ծանուցեք: Դրան ձև գոյություն ունի տալու: Իսկ թե երբ են տարել, երբ են փորձել տալ, չեմ կարող ասել»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ Խաչատուր Սուքիասյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու, սակայն նրա դիմումը մերժվել է այն հիմքով, որ նա վերջին 5 տարում մշտապես չի բնակվել ՀՀ-ում, և ՀՀ-ից բացակայել է 10 ամիս 20 օր անընդմեջ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և 10-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հետ համաձայն չլինելով Խաչատուր Սուքիասյանը քաղաքացիական հայցով դիմել է Վարչական դատարան՝ բողոքարկելով ընտրական հանձնաժողովի որոշումը: