Սերբիայի նախագահը հրաժարական է տալիս` արտահերթ ընտրությունների պատճառով

09:16 • 04.04.12

Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը մտադիր է հրաժարական տալ` նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով, հաղորդում է Բելգրադի B92 ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով` Թադիչը, ում լիազորություններն ավարտվում են միայն այս տարեվերջին, արդեն հայտնել է այդ մասին Դեմոկրատական կուսակցության իր համախոհներին, իսկ պաշտոնապես կհայտարարի այսօր:

Թադիչի հրաժարականը թույլ կտա խորհրդարանի նախագահ Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչին ժամանակավորապես կատարել երկրի նախագահի պարտականությունները և նշանակել նախագահական ընտրությունները 2012թ.-ին մայիսի 6-ին: Այդ օրը կանցկացվեն նաև խորհրդարանական ու Բելգրադի քաղաքապետի ընտրություններ:

Սերբ նախագահի խոսքով` միասնական ընտրությունները թույլ կտան տնտեսել պետական միջոցները, ինչը, իր հերթին, կնպաստի կուսակցության հեղինակության աճին:

Քաղաքագետների կարծիքով` Թադիչը, նման որոշում ընդունելով, ցանկանում է օգնել իր գլխավորած Դեմոկրատական կուսակցությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Վերջին հարցումների համաձայն` կուսակցությունը զիջում է ընդդիմադիր Սերբիայի պրոգրեսիվ կուսակցությանը:

Ի դեպ, նա իր թեկնածությունը կառաջադրի նաև նախագահական ընտրություններում: