Երևանում կբացվի 2 նոր գրախանութ և գրքի վաճառքի մի քանի բացօթյա կետ
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» փառատոնի շրջանակներում Երևանում կբացվեն երկու նոր գրախանութ և գրքերի վաճառքի մի քանի բացօթյա ժամանակավոր կետ, այսմ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի մշակութային գծով խորհրդական Արամ Սուքիասյանը:
Նա համաձայնեց այն մտքի հետ, որ գրքի մայրաքաղաք կոչվել և ունենալ սակավաթիվ գրախանութներ, իսկապես ամոթալի է:
«Միանգամայն կիսում եմ այդ մտահգությունը, այս օրերին կբացվեն ևս երկու գրախանութներ: Իսկ Կասկադի և Մյասնիկյանի արձանի հետևում կլինի բացօթյա գրավաճառք: Ազատության հրապարակում էլ մայիսի 5-ից հունիսի 10-ը ևս նման գրքի վաճառքի կետ կբացվի»,- հայտնեց Սուքիասյանը:
Նրա խոսքով բացօթյա գրքի վաճառքի կետերը կգործեն մինչև նոյեմբեր: «Պիտի ուրախությամբ ողջունենք ու դիմավորենք այս տոնը, հատկապես հաշվի առնելով, որ հայտ ներկայացել էր նաև Չինատանը և Անգլիան, իսկ ընտրվեց Երևանը. գրատպության 500-ամյակը առավելություն է եղել»,- ասաց նա:
Բացի այդ, Արամ Սուքիասյանը տեղեկացրեց, որ ապրիլի 22-ին կլինեն բազմաթիվ միջոցառումներ գրքի տոնի կապակցությամբ:
«Օպերայում, Հանրապետության հրապարակում և Մատենադարանում կլինեն մեծ բեմահարթակներ, անակնկալ այցեր: Վաղուց Երևանը չի ունեցել այսօրինակ պատվիրակություն. շուրջ 60 պաշտոնյա ժամանելու է Երևան, որոնցից 13–ը քաղաքապետեր են: Միջոցառումներ են անցկացվելու նաև Ֆրանսիական հրապարակից մինչև Մատենադարանի հատվածը»,- ասաց Սուքիասյանը:
Բանախոսը նշեց, որ նախատեսվում է նաև տոներից դուրս մայրաքաղաքում ստեղծել տոնական տրամադրություն: Այդ կապակցությամբ ապրիլի 20-ից կգործեն բոլոր շատրվանները, Մատենադարանի վրա կլինեն եռաչափ (3D) դիտումներ, Կարապի լճում կտեղադրվի ջրային էկրան, որը կգործի մինչ հոկտեմբեր: Նախատեսվունմ է նաև պարբերաբար ֆիլմերի դիտումներ անցկացնել քաղաքի տարբեր վայրերում:










