ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկում է Սիրիայում կրակի դադարեցում պահանջող նախագիծը

10:07 • 04.04.12

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները երեքշաբթի սկսել են Դամասկոսին ուղղված նախագծի քննարկումները: Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը, փաստաթղթով սիրիական իշխանություններից պահանջվում է դադարեցնել ռազմական գործողությունները մինչև ապրիլի 10-ը, իսկ սիրիական ընդդիմությունից` զենքը վայր դնել իշխանության կողմից գործողությունների դադարեցումից հետո 48 ժամվա ընթացքում:

Եթե կրակը չդադարեցվի նշված ժամկետում, ապա «ԱԽ-ն կդիտարկի այլ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման հարցը»:

Դիվանագիտական աղբյուրների համաձայն` ԱԽ-ն քննարկում է նաև Սիրիա 250, ոչ զինված անձից բաղկացած առաքելություն ուղարկելու հարցը` կրակի դադարեցման վերաբերյալ պահանջների կատարման ընթացքին հետևելու նպատակով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը` վկայակոչելով Associated Press-ին, Դամասկոսի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Սիրիայի մի շարք քաղաքներից զորքը դուրս է բերվում` ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագրի համաձայն:

Սիրիայում մեկ տարուց ավել է բախումներ են տեղի ունենում կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` այս ժամանակահատվածում զոհվել է մոտ 8.000 մարդ: