Եվրանեսթը կքննարկի ղարաբաղյան ու այլ հակամարտությունների կարգավորման հարցը
Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով կոմիտեի հերթական հաշվետվության մեջ կուսումնասիրվեն տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը, այսօր կառույցի` Բաքվում անցկացված նիստի արդյունքներին նվիրված ասուլիսում հայտնել է Եվրանեսթ ԽՎ համանախագահ Քրիստիան Վիգենինը:
«Ղարաբաղյան հակամարտության հետ միասին կուսումնասիրվեն նաև Մերձդնեստրի (Մոլդովա) և վրացական հակամարտությունները: Որպես Խորհրդարանական վեհաժողով` մենք ձգտում ենք կողմերի միջև վստահություն ձևավորել», - ասել է նա:
Վիգենինն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն 20 տարի զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ, և, ըստ նրա, հակամարտությունը չի լուծվի ևս 20 տարի:
«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է օգնեն Մինսկի խմբին հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է նա:
Ընդգծելով, որ Եվրանեսթը լիազորված չէ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման որոշումներ կայացնելու հարցում, Վիգենինը ասել է, որ Բաքվի նիստում ընդհանուր պայմանավորվածություն է ձեռք բերվել հակամարտությունների հետ կապված խորհուրդների ու առաջարկների պատրաստման հարցում:
«Մենք նաև կմշակենք այդ խորհուրդների կատարման գնահատականների մի ձև, որպեսզի որոշենք, թե ինչպես է յուրաքանչյուր խորհրդարան կատարում Եվրանեսթի որոշումները», - ասել է նա:
Հիշեցնենք, որ նիստին մասնակցել են ԵՄ-ի 60 հոգանոց և Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ազգային պատվիրակությունները` յուրաքանչյուրից 10 պատգամավոր:









