ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար այսուհետ Ավագ ուրբաթը ոչ աշխատանքային օր կլինի

17:03 • 04.04.12

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեղեկացնում է, որ այսուհետև ընկերության աշխատակիցների համար Ավագ ուրբաթը սահմանվում է ոչ աշխատանքային օր: Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է ապրիլի 6-ին:

Ընկերության մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ Ծաղկազարդը, որով սկսվում է Սբ Հարության տոնին նախորդող ավագ շաբաթը, այս տարի նշվեց ապրիլի 1-ին: Ավագ հինգշաբթին, որն այս տարի նշվում է ապրիլի 5-ին, նվիրված է վերջին ընթրիքին: Այդ օրվա երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունը:

Ավագ ուրբաթ օրվա ընթացքում տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ զարդարված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջը: Շաբաթ` ապրիլի 7-ին, Հայ Առաքելական Եկեղեցին կնշի իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սբ. Աստվածածնի ավետումը: Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր. բոլոր եկեղեցիներում այդ օրն Օրհնության կարգ է կատարվում: Ավագ շաբաթը, որը կոչվում է նաև Ճրագալույցի Զատիկ, խորհրդանշում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ավագ շաբաթի պատարագով մենք սկսում ենք Սբ. Զատկի տոնակատարությունը` միմյանց ողջունելով «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և պատասխանելով «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Կիրակի` ապրիլի 8-ին, մենք կնշենք Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, իսկ եկեղեցիներում կմատուցվի Սբ. Պատարագ: Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեական հավատքի հիմքն է և խորհրդանշում է կյանքի և լույսի հաղթանակը մահվան և խավարի հանդեպ:

Տոնը նաև կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը հինգ տաղավար տոներից մեկն է:
«Հայի ինքնության և քրիստոնեության օրրան Հայաստանի հանդեպ մեր նվիրումը ստիպում է ջանալու պահպանել և հանրության շրջանում տարածել մեր կրոնի տոներն ու հիշատակության օրերը: Սեփական պատմության ճանաչումը դեպի ապագա տանող լավագույն ճանապարհն է»,– մասնավորապես նշված է տարածված հաղորդագրության մեջ: