Հայերը գինեգործությամբ են զբաղվել դեռ մ.թ.ա. 10 հազ. տարի առաջ. Սերգեյ Մադաթյան

17:43 • 04.04.12

Կարմիր բլուրում հայտնաբերված գինու մառանները վկայում են այն մասին, որ հայերը մեր թվարկությունից 10 հազ. տարի առաջ գինեգործությամբ են զբաղվել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաազգագրական և խոհարարական ավելի քան 28 գրքի հեղինակ Սերգեյ Մադաթյանը՝ անդրադառնալով փաստին, որ Վրաստանի մշակույթի նախարարությունը հայտ է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՈ՝ կարասագործությունը որպես վրացական մշակութային արժեք ճանաչելու մասին։

«Դրանք նյութական փաստեր են, որոնց մասին գիտեն անգամ արտասահմանյան գիտնականները: Ցավոք, այսօր այդ տակառների մեծ մասն ավերված է և շինարարական աղբ է լցվում»,- ասաց նա և ավելացրեց, որ այս ոլորտը կառավարության և պետության հոգածության կարիքն ունի:

Վրաստանի դիմումը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման», «Սերունդ հայապահպան միավորում» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ազգագրագետների վրդովմունքն է առաջ բերել: Նրանց հատկապես բարկացնում է այն, որ Վրաստանը հայտի մեջ նշել է, թե գինեգործության հայրենիքն է և գինու մառանները ևս վրացական մշակութային արժեք են:

«Միայն եթե վերցնենք Աստվածաշունչը կտեսնենք, որ Նոյ նահապետը առաջին ջրհեղեղից հետո առաջին անգամ խաղողի վազը տնկել է Արարատ լեռան ստորորտին: Նշենք, որ վերջերս Հայաստանում հայտնաբերվեց աշխարհի հնագույն գինու հնձանները: Մեր գիտնականներն ասում են, որ ունեն բոլոր բավարար ապացույցները, բայց լռում են»,- ասաց պատմաբան, ազգագրագետ Ռուբեն Նահատակյանը:

Նա նաև վստահեցրեց, որ Բորժոմիի այն տարածքը, որտեղ գտնվել են վրացական գինու մառանները, դեռևս չի նշանակում, որ դրանք վրացական են, քանի որ այդ տարածքում ապրել են արմենոիդներ: