Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը 90 տարեկան է
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը (ԵՃՇՊՀ) 90 տարեկան է: Այս առիթով այսօր Նկարիչների միությունում կայացավ համալսարանի հոբելյանին նվիրված ցուցահանդես, որին ներկայացված էին համալսարանի տարբեր տարիների շրջանավարտների և դասախոսների 140-ից ավելի աշխատանքներ:
Ցուցահանդեսին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բուհերի ռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ:
ԵՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը իր խոսքում նշեց, որ 90–ը հիշեցնում է, թե ինչ են արել այս տարիների ընթացքում և ինչեր ունեն անելու:
«Շատ սիմվոլիկ է, որ ցուցահանդեսին տեղ են գտել բուհի ամենատարեց շրջանավարտների և դրանց կողքին ավելի երիտասարդների աշխատանքները: Սա ոչ միայն մեր համալսարանի, այլ նաև ամբողջ Հայաստանի պատմությունն է: Այդ տեսակետից ցուցահանդեսը ստացվել է»,-ասաց նա և ուրախությամբ ավելացրեց, որ բուհը այսօր մասնագետներով կարողանում է ապահովել ոչ միայն Հաստանին, այլ նաև արտասահմանին:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հատկապես ուրախություն էին պատճառել ցուցահանդեսում ներկայացված ժամանակակից աշխատանքները:
«Այս ցուցահանդեսի աշխատանքները նայելիս, դու հասկանում ես, որ հզոր ժառանգության կրող ես: Խոսքը ոչ միայն պատմական արժեքներին է վերաբերում, այլ նաև ժամանակակից: Այս գաղափարի ընկալումը մեզանում երբեմն պակասում է: Բայց բոլորին օգտակար կլինի տեսնել, այս ցուցահանդեսը ու ճանաչել մեր վարպետներին»,-ասաց նա:
Տեղեկացնենք, որ բոլոր նկարները բերված էին ԵՃՇՊՀ-ի ֆոնդից և ճարտարապետության թանգարանից:









