Իշխանություններն անցել են ծածուկ մեթոդների, չեն թողնում ենթաշտաբներ բացել. Արամ Մանուկյան

19:09 • 05.04.12

«Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ, Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արամ Մանուկյանին չի հաջողվում ենթաշտաբներ բացել։

«Ես այս պահին դեռ ոչ մի ենթաշտաբ չեմ կարողացել բացել: Մարդիկ նախորդ օրը համաձայնում են տարածք տալ, հետո վախենում են, ասում են, որ հարկայինն է թաղապետարանը, իշխանությունը հերներս կանիծի, և այս պահին ես ոչ մի ենթաշտաբ չեմ կարողացել բացել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մանուկյանը կարծում է, որ իշխանություններն այս կերպ ցույց են տալիս, որ չեն ուզում այլևս բացեիբաց գործել և անցել են գաղտնի մեթադների։

«Այսինքն իշխանություններն անցել են ծածուկ մեթոդների, ոչ թե բաց են արգելակում աշխատանքները, այլ տակից, գաղտագողի»,– ավելացրեց նա։

Արամ Մանուկյանը նաև նշեց, որ այս մասին տեղեկացրել է նաև միջազգային դիտորդներին, որոնց հետ հանդիպել էր այսօր:

«Տեղեկացրել ենք, որ իշխանություններն արգելակում են տարածքներում շտաբներ ունենալ»,-հայտնեց նա:
Հիշեցնենք, որ թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել են նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «168 ժամ» օրաթերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, Արտակ Սարգսյանը, անկուսակցական Ալեքսան Մինասյանը և Հայաստանի հանրապետական կուսացկության անդամ Արմենը Եփրեմյան։