ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը քաղաքականություն չի մտնի

15:58 • 05.04.12

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, թեև ընդգրկված է Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում, սակայն չի պատրաստվում թողնել գիտակրթական ոլորտը:

Այսօր Tert.am-ի հետ զրույցում Արամ Սիմոնյանn ասաց, որ պատճառը հետևյալն է. «Կարծում եմ, որ հասարակության կողմից ամենահարգված և ամենաընդունելի պաշտոնը հենց դասախոսինն է կամ պրոֆեսորինը: Մենք բոլորս՝ այդ թվում նաև ես, բուհում, լինելով վարչական աշխատողներ, նախ և առաջ դասախոսներ ենք»։

Արամ Սիմոնյանը նորմալ է վերաբերվում այն իրողությանը, որ բուհի ռեկտորները ընդգրկվել են այս կամ այն կուսակցությունների համամասնական ընտրացուցակներում։

«Բոլոր ուժերն էլ ձգտում են իրենց ցուցակներում ընդգրկել հանրության կողմից հայտնի և հարգված այն մարդկանց, որոնք իրենց կուսակցության անդամներն են կամ ինչ-որ տեղ իրենց դրսևորել են: Կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկվելը պատասախանատու է նաև»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքը որևէ անհանգստություն չի տեսնում այդ հարցում:

Tert.am-ի այն հարցին, թե արդյոք հակասություն չկա այն բանում, որ ՀՀ կրթության մասին օրենքով սահմանվում է, որ կրթական ոլորտը պետք է ապաքաղաքականցված լինի, իսկ ԵՊՀ ռեկտորը ՀՀԿ-ի անդամ է, Արամ Սիմոնյանը վստահեցրեց, որ բուհում այդ օրենքը սրբորեն պահվում է:

«Կրթական ոլորտի ապաքաղաքականացումը չի նշանակում, որ մարդը քաղաքականությամբ պետք է չզբաղվի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ լինի ռեկտոր կամ գիտակրթական ոլորտում աշխատող ցանկացած մարդ, իր աշխատանքի վայրից դուրս կարող է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Խոսքն այն մասին է, որ պետական հաստատություններում, մասնավորապես կրթական օջախներում քաղաքական քարոզչությունը արգելված է: Մի օրինակ անգամ չեք կարող ասել, որ ԵՊՀ-ում խախտվել է այդ օրենքը»,- ասաց նա:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է 1997թ-ից: