Փաստը մնում է փաստ, որ ՀՀԿ-ն ճողոպրեց սենյակից. Արման Մուսինյան

13:54 • 05.04.12

Փաստն մնում է փաստ, որ ընտրությունների օրինականության, համատեղ վերահսկողության մասին համաձայնությունը կայացավ, և «Հանրապետական կուսակցությունն ուղղակի ճողոպրեց սենյակից»: Tert.am –ին ասաց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ հավելելով. «Եվ դրանով ամեն ինչ ասված է: Իսկ թե հիմա ով ինչ կմեկնաբանի, էական չէ»:

Հիշեցնենք, որ երեկ 4 քաղաքական ուժեր «Հայ ազգային կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստանի», «Հայ հեղափոխական դաշնակցության» և «Ժառանգության» միջև ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձևավորելու մասին համաձայնագիր ստորագրվեց, որի տակ իր ստորագրությունը չդրեց միայն ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկով մեկնաբանելով, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չմիացավ «4-ի ձևաչափին», նշել է, որ ՀՀԿ-ն նախընտրում է աշխատել ավելի լայն ու լիազորված մարմնում, քան «ձևական ինչ-որ կառույցում»: Շարմազանովը նաև ասել է, որ կա մտադրություն՝ ԱԺ նախագահին կից ստեղծել ընտրությունների վերահսկման խորհրդատվական մարմին:

Իսկ թե ինչպես են պատրաստվում իրենց աշխատանքները կազմակերպել չորս քաղաքական ուժերը, ներառյալ՝ տեղեկատվության փոխանակումը, Մուսինյանի բնութագրմամբ՝ «տեխնիկական հարցեր են»։

Այսուհանդերձ, արդեն իսկ մամուլով կարծիքներ են հնչում, որ միասնական շտաբի ձևավորման հեռանկարը մշուշոտ է՝ հաշվի առնելով «4–ի ձևաչափում» ընդգրկված քաղաքական ուժերի ոչ այնքան լավ փոխհարաբերություները:

Արման Մուսինյանն ի պատասխան ասաց. «Մենք պատրաստ ենք ամենայն լրջությամբ այս գործընթացում ներգրավվել»:
Հարցին էլ, թե այս ձևաչափի ստեղծումը արդյո՞ք չի նշանակում, որ ապագայում ընտրակեղծքիների դեպքում, ընդդիմադիր ուժերն այսկերպ փորձելու են ավելի լեգիտիմացնել իրենց դժգոհությունները, Արման Մուսինյանն ասաց. «Այս պահին տեղի են ունենում կեղծիքներ, մենք նախաձեռնեցինք համագործակցության ընդհանուր դաշտը, ինչը արձագանք գտավ ԲՀԿ-ի, «Ժառանգության» և Դաշնակցության կողմից: Մենք ուրախ կլինենք, եթե այս համագործակցությունը շարունակվի, և ռեալ արդյունքներ ունենա ընտրությունների օրինականության, ընտրակեղծարարներին համապատասխան վայրեր ուղարկելու առումով, և համագործակցությունը կայանա»: