Նախկին ԱԺ պատգամավորը ցանկանում է Հայաստանը տեսնել՝ որպես ագրարային երկիր
Պետական ագրարային համալսարանի դոկտր-պրոֆեսոր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ավետիսյանը ցանկանում է Հայաստանը տեսնել՝ որպես ագրարային երկիր:
«Գյուղատնտեսությունը մեծ ոլորտ է. այն և՛ արդյունաբերություն է, և՛ առողջություն է և՛ տնտեսություն է, և այլն: Մեր երկիրը կարող է լինել ագրարային երկիր: Կարող ենք շատ լավ մշակաբույսեր արտադրել, դրանցից նոր արտադրատեսակներ ստանալ՝ թե՛ տեղեկան, թե՛ դրսի շուկայի համար»,– այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկմանն ասաց նա:
«Բայց ելնելով գյուղատնտեսության բնույթից պետք է լինի կայուն աջակցության ծրագիր, ոչ թե ընտրությունից ընտրություն ծրագրեր բերվեն, հետո մոռացվեն դրանց մասին»,- ասաց Սամվել Ավետիսյան՝ և ավելացրեց, որ աշխարհի բոլոր զարգացած երկրներում էլ գյուղը աջակցության կարիք ունի, սակայն մեր երկրում ուշադրությունը գյուղի նկատմամաբ շատ թույլ է:
Հրապարակագիր Արմեն Օհանյանը նշեց, որ ցանկանում է ի վերջո Հայաստանը տեսնել՝ որպես ժողովրդավարական երկիր: «Ես նախընտրում եմ ունենալ թեկուզ ագրարային, բայց ժողովրդավարական երկիր, ոչ թե բարձր տեխնոլոգիաներ արտադրող դիկտատուրական երկիր: Ինչպիսին էլ այն լինի, պետք է լինի ժողովրդավարական»,- ասաց նա:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանի դժգոհությունն առաջացրել է այն հանգամանքը, որ, ըստ նրա, հանրությունն այսօր փաստացի ոչ մի ազդեցություն չի ունենում կառավարության որոշումների կայացման վրա:
«Այսօր հանրությունն իր ունեցվածքի տերը չէ, ավելին՝ չի կարողանում վերականգնել իր իրավունքը և բոքողել ինչ-որ տեղ: Դրա պատճառը իշխանավորների սպառողական մոտեցումն է: Նրանք չեն գտակցում, որ գոյություն ունի հանրային սեփականություն: Նրանք կարծում են, որ կարող են հարստանալ հանրության հարստության հաշվին և մի քանի կտոր շպրտել հենց նույն հանրությանը»,- ասաց նա:
Սոնա այվազյանի խոսով՝ պատճառը որոշ դեպքերում օրենքի բացն է, որոշ դեպքերում էլ՝ կիրարկման բացակայությունը:
«Կառավարության որոշումների մասին հաճախ հանրությունը վաղ փուլերում տեղյակ չի լինում: Երբ տեղեկանում է, արդեն պարզվում է, որ ծախսեր են արվել, աշխատանքներ են իրականացվել և որևէ փոփոխություն անել հնարավոր չէ»,-ասաց նա և ցանկություն հայտնեց, որ հայ իշխանավորների գիտացությունը հանրային սեփականության նկատմամբ փոխվի:









