Եվրոնեսթն իր գնահատականն է տվել Ալիևի ելույթին. Արտակ Զաքարյան

12:46 • 05.04.12

Եվրախորհրդարանի շատ պատգամավորներ Բաքվում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ չեն այցելել Շեհիդների պուրակ (ադրբեջանցի մարտիկների գերեզմանոց) և դրանով արտահայտեցին Եվրանեսթի գնահատականն Ադրբեջանի նախագահի ուղերձին, որում նա վիրավորական արտահայտություններ էր արել հայերի մասին, այս մասին Tert.am-ին ասաց հայաստանյան պատվիրակության անդամ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով Եվրախորհրդարանի շատ պատգամավորներ հայերի հետ միասին չենընդունել նաև Միլի Մեջլիսի նախագահի անունից տրվող ընթրիքի հրավերը և իրենց մասնավոր զրույցներում ընդգծել են, որ Իլհամ Ալիևի «ոչ կառուցողական ու ոչ ճիշտ ելույթը, ավելի շուտ՝ զրպարտությունը» հարիր չէր ընդունող երկրին:

Հղումներ Արտակ Զաքարյանը չի անում, որովհետև ասաց, որ եվրոպացի պատգամավորների 90 տոկոսից նման կարծիքներ լսել է:


«Եվ ես ինձ համար շատ կարևոր հետևություններ արեցի, որ Իլհամ Ալիևը և երևի թե կլանի որոշ ներկայացուցիչներ, ըստ էության, մենակ են իրենց քաղաքականության մեջ, որովհետև հասարակությունը, պարզ մարդիկ, նույն խորհրդարանի աշխատակիցներ, պատգամավորներ, ում հետ շփվում էինք, բոլորովին այլ կերպ են մտածում»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Այս հավաքական կարծիքը ՀՀԿ-ական պատգամավորի փոխանցմամբ հետևյալն է.«Իրենք ասում էին, որ պատերազմը խնդրի լուծում չէ» կամ՝ «իրենք ասում էին, որ շատ լավ գիտակցում են, որ Ղարաբաղը չի ուզում լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դրա համար ունի բազմաթիվ պատճառներ»: Սակայն ադրբեջանցիները նաև նշել էին, որ իրենք շատ լավ հասկանում են, որ պետք է շատ արագ լուծումներ տրվեն խնդիրներին և երկու հասարակություններն ապրեն բաց սահմանների առկայության պայմաններում:

Արտակ Զաքարյանը նաև ասաց, որ Ադրբեջանի նախագահի ելույթը ի վնաս Ադրբեջանի էր և վատ տպավորություն թողեց մասնակցող երկրների պատվիրակների վրա:

Հիշեցնենք, որ այս հայ պատգամավորների այցելությունը Բաքու ինչ-որ իմաստով աննախադեպ էր, որովհետև սառեցված հակամարտության ընթացքում թեպետ հայերի՝ Բաքու մեկնելու դեպքեր էլի եղել են, բայց ոչ պատգամավորների նման ներկայացուցչական կազմով:

Tert.am-ի հարցին, թե պատվիրակությունը պատրաստվո՞ւմ է հանդիպել հանրապետության նախագահի հետ և կիսվել տպավորություններով, Արտակ Զաքարյանն ասաց.«Ես չեմ կարող ասել, բայց աշխատանքային կարգով, որպես իմ կուսակցության ղեկավարի, ես անպայման կզեկուցեմ»:

Ինչ վերաբերում է ավելի շոշափելի արդյունքներին, ապա Արտակ Զաքարյանը որպես Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական հանձնաժողովի նախագահ շատ գոհ է այն արդյունքներից, որ գրանցել են: «Նաև իմ զեկույցը հաստատվեց Ադրբեջանում 72 «կողմ» , 1 «դեմ» 0 «ձեռնապահ» ձայներով, ինչը ես մեծ հաջողություն եմ համարում, որովհետև կան շատ կարևոր դրույթներ»:

Պատգամավորը հավելեց, որ զեկույցից դուրս իրեն հաջողվել է կանխել ոչ հայանպաստ չորս առաջարկություններ, որոնք վերաբերում էին տարածքային ամբողջականությանը, հակամարտությունների կարգավորմանը և ներքին տեղահանվածների խնդիրներին: