Հայ պատգամավորները պնդում են, որ «Vesti.az»–ը զրպարտում է. Բաքվում իրենք սթափ են եղել

18:17 • 05.04.12

Հայաստանյան պատվիրակության անդամները «ապուշություն» բառով կամ լավագույն դեպքում հումորով են վերաբերվում ադրբեջանական «Vesti.az» կայքի հաղորդագրությանը, ըստ որի՝ հայաստանյան պատվիրակության անդամները Բաքվում անցկացվող Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողով լիագումար երկրորդ նիստին մասնակցել են ոչ սթափ վիճակում:
Ըստ ադրբեջականան լրատվամիջոցի, սա, իբր, հաստատել է համանախագահող Քրիստիան Վիգենինը:

«Հա, չայ էինք խմում»,- ասաց այս կառույցում Սոցիալական հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը:
Իսկ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ «ապուշություն» բառով ադրբեջանական լրատվամիջոցի տարածած հայտարարությունը որակելուց հետո ավելացրեց.«Մենք նույնիսկ այստեղ չենք նիստերին ոչ սթափ վիճակում գնում, ուր մնաց թե այնտեղ»:

Պատվիրակության մեկ այլ անդամ էլ՝ Հովհաննես Սահակյանը նշելով, որ թերևս Ադրբեջանի նախագահն է անսթափ վիճակում եղել իր ուղերձը արտասանելիս, հավելեց, որ խարդավանքները այս երկրի արտաքին ու ներքին քաղաքականության մասն են:
«Քանի որ մենք գիտեինք՝ որտեղ էինք և մեր պատվիրակությանն ուղեկցում էր 70-80 գուցե ուրիշների համար անտեսանելի, սակայն մեզ համար տեսանելի անվտանգության աշխատակիցներ, մեր բոլոր նախաճաշերը, ճաշերն ու ընթրիքները արարարողակարգի սահմաններում էին»,- ասաց Հովհաննես Սահակյանը: