«Ցուցակային» ընտրությունները Հայաստանում սկսվել են դեռևս 1995թ.-ից. քննարկում

17:43 • 05.04.12

ՀՀ-ում միշտ ընդդիմությունը եղել է պառակտված, իսկ իշխանությունը միասնական: Այս կարծիքն այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հայտնեց հրապարակագիր Արմեն Օհանյանը: Նա միաժամանակ ավելացրեց, որ իրականում պետք է լինի հակառակը: Սակայն նա այսօր գոհ է ընդդիմությունից:

«Հայոց անկախության պատմության մեջ ամենամիասնական ընդդիմությունն է: Խոսքը ՀԱԿ-ի մասին է: Այս ընտրությունները «ցուցակային» են՝ ընտրողների և թեկնածուների իմաստով»,– ասաց նա:

Քննարկամանը ներկա նախկին գյուղնախարարի տեղակալ, պետական ագրարային համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը հիշեցրեց, որ «ցուցակային» ընտրությունները ՀՀ-ում սկսվել են 1995-ին, երբ երկիրը ղեկավարում էր ՀՀՇ-ն:

«Ես եղել եմ ԱԺ պատգամավոր: Ընտրական գործընթացները ինձ բավականին ծանոթ են: Չի կարելի ասել, թե ով է մեղավոր, ով՝ ոչ: Մենք բոլորս մասնակից ենք այն գործընթացին, որը բոլորիս դուր չի գալիս»,-ասաց նա:

Քննարկման մեկ այլ բանախոս, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության երևանյան կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը անհրաժեշտ համարեց յուրաքանչյուրին ընտրությունների գնալիս ներքին վերլուծություն կատարել:

«Յուրաքանչյուր քաղաքացի ընտրություն անելիս պետք է վերլուծի, թե երկրում ինչ փոփոխություններ են իրականացվել, և ովքեր են դրանք իրականացնողները եղել: Քաղաքացին պետք է հասկանա, որ եթե ինքը ուզում է փոխվի իրավիճակը, ուրեմն պետք է փոխեն այն բոլոր կուսակցությունները որոնք այսօր իշխում են»,-ասաց նա:

Անդրադառնալով ներկայիս պատգամավորներին՝ նախկին ԱԺ պատգամավոր Սամվել Ավետիսյանն ասաց, որ ինքը շատ լավ գիտի, թե օրենսդիրում աշխատողներից շատերը ինչով են զբաղվում: «Ես շատ լավ գիտեմ, որ 25-30%–ն են, որ զբաղվում են օրենքներով»,-ասաց նա: