ՄԻԵԴ–ում ՀՀ–ի մասով որոշումներն ավելի շատ կլինեն, եթե դիմումները ճիշտ լրացվեն. փաստաբան

18:08 • 05.04.12

Փաստաբանների միության պալատի անդամ Վարդան Զուռնաչյանի համոզմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիների գանգատներով կայացված որոշումները ավելի շատ կլինեին, եթե այդ դիմումները կազմվեին առավել որակյալ:

«Իմ տեղեկությամբ՝ Հայաստանից դիմումներ շատ են գնում եվրոպական դատարան, ուղղակի որքան տեղյակ եմ բավարարումներն են քիչ, ու դա գալիս է ավելի շատ կազմվող դիմումների որակից, քան թե դիմումի արդարացիությունից,- Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Ըստ նրա՝ մարդիկ ուզած-չուզած գնում են Ստրասբուրգի դատարան, քանի որ տեղի դատական համակարգը թերի է։ Ըստ նրա՝ այդ դիմունների թիվն էլ ավելի կմեծանա, եթե իրավաբանական օգնության խնդիրը ճիշտ ձևով լուծվի:
«Եթե հնարավոր լինի այդտեղ շտկումներ անել, ՀՀ քաղաքացիներն իրենց բողոքներով ավելի շատ կգնան և ոչ թե տարիներով կսպասեն, ինչ-որ թարգմանության խնդրի կամ այլ սխալ ձևակերպման համար»,- ասաց նա:

Վարդան Զուռնաչյանը նշեց, որ պետությունը պետք է աշխատի իր երկրի դատական համակարգը համապատասխանացնել նշյալ չափորոշիչներին, հակառակ պարագայում, նման քանակով գործերի քննումը ԵՄ դատարանում խոսում է երկրի հեղինակության մասին:

«Նույնը նաև տնտեսական պատժամիջոցների հարցն է, այսինքն, եթե երկրի նկատամբ ինչ-որ պատժամիջոցներ են կիրառվում, հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը որոշում է ընդունել կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիների գանգատներով կայացված որոշումների վճարումները։ Որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է որպես փոխհատուցում վճարել 63,545 եվրո, 120,000 ԱՄՆ դոլար և 29,520,000 հազար դրամ։