ԵՃՇՊՀ-ն սկսելու է եվրոպական ակրեդիտացիա. Հովհաննես Թոքմաջյանը
Այս տարի Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն սկսելու է եվրոպական ակրեդիտացիա, այս մասին այսօր տեղեկացրեց բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը՝ բուհի 90-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսին:
«Այսինքն՝ մենք կսկսենք ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, որը հնարավորություն կտա բուհն ընդգրկել եվրոպական բուհերի ռեգիստրում: Գործընթացը սկզբում կիրականացվի համալսարանի համար, հետո մասնագիտությունների»,- ասաց նա։
Ռեկտորի խոսքով՝ մասնագիտություններից առաջինը հավատարմագրվելու է ճարտարապետության մասնագիտությունը: Ռեկտորը տեղեկացրեց նաև, որ բուհի հավատարմագրման գործընթացը կպահանջի մեկ-երկու տարի:
Tert.am-ի այն հարցին, թե այսօր ԵՃՇՊՀ-ն ինչի կարիք ունի, ռեկտորը պատասխանեց. «Խաղաղ ու հանգիստ պայմաններում աշխատելու և զարգանալու կարիք ունի ԵՃՇՊՀ-ն»:
Բուհի 90-ամյակի առիթով կազմակերպված ցուցահանդեսին ներկա էր նաև Միլանի պոլիտեխնիկի դասախոս, ինչպես նաև Հայաստանում ԵՃՇՊՀ-ի ուսանողների համար կազմակերպված վարպետության դասընթացների տնօրեն Ֆրանչեսկո Աուջելլին, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայակական ճարտարապետությունը բացահայտել է 2007թ-ից, ինչն իրեն հուզել է և մեծ հետաքրքրություն առաջացրել:
Անդրադառնալով վարպետության դասընթացներին, իտալացի դասախոսն ասաց. «Երկամյա վարպետության կուրսը փորձի փոխանակում է: Իտալացի շատ դասախոսներ համագործակցում են ծրագրի շրջանակներում: Մենք հետագայում նպատակ ունենք ծրագիրը դարձնել շարունակական»,-ասաց նա:









