ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանը չի կարծում, որ թիվ 12 ընտրատարածքում ՀՀԿ-ն իր դեմ կաշխատի

16:32 • 05.04.12

Երևանի թիվ 12 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածու Լյովա Խաչատրյանը հաղթելու իր հնարավորությունները բարձր է գնահատում և չի կարծում, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, այստեղ թեկնածու չունելով, կպաշտպանի առաջադրված թեկնածուներից որևէ այլ մեկին և կպայքարի իր դեմ։

«Առայժմ ես նման բան չեմ տեսնում: Կարծում եմ՝ ՀՀԿ–ի համակիրները կունենան սեփական որոշումը կայացնելու հնարավորություն՝ անձամբ թեկնածումների հետ ծանոթանալու և ընտրություն կատարելու»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և վստահեցրեց, որ ինքը ՀՀԿ-ի հետ ոչ մի տարաձայնություն չունի, և ընդհակառակը, որոշ ՀՀԿ–ականների հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է:

«Տարաձայնություններ չեն կարող լինել, քանի որ ես ոչ քաղաքական ուժ եմ ներկայացրել, ոչ էլ քաղաքական ինչ-որ ակնառու, շեշտված ուղղվածություն եմ ունեցել, որն ուղղված կլիներ դեպի ՀՀԿ-ն»,- ասաց նա:

Նշենք, որ ըստ «168 Ժամ» թերթի այսօրվա հրապարակումներից մեկի, ՀՀԿ-ն Երևանի թիվ 12 ընտրատարածքում թեկնածու չի առաջադրել, բայց չի էլ թողնելու, որ հաղթի ԲՀԿ-ի թեկնածու Լյովա Խաչատրյանը: Ըստ թերթի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում Լյովա Խաչատրյանն արժանացել է ՀՀԿ վերնախավի դժգոհությանը և կորցրել նրանց աջակցությունը:

Լյովա Խաչատրյանն այդուհանդերձ ընդունում է, որ թիվ 12 ընտրատարածքում պայքարը շատ թեժ է լինելու, սակայն նշում է, որ «ցանկացած ընտրություն արդեն պայքար է, և դրանով է այն արժեքավոր»: «Որքան թեժ, որքան արժանի հակառակորդներ, այնքան արդյունքն ավելի բաղձալի և արժանի: Այնպես որ, ես միայն ուրախ եմ դրա համար, որ այնտեղ լինելու է թեժ պայքար»,- ասաց նա:

Պատգամավորի թեկնածուն չի կարծում, որ առաջադրված ընտրատարածքի ընտրողների համար ինքն անծանոթ է և նրանց խնդիրներին տեղյակ չէ: «Ես կարծում եմ որ իմ ընտրատարաքծում շատ լավ են ինձ ճանաչում, ես դրանում համոզվում եմ օր օրի: Առավել ևս որ ես ծնվել և մեծացել եմ Երևան քաղաքում, պարզապես ես առաջադրվել էի Արագածոտնի մարզում և փորձում էի նրանց խնդիրները հասու դարձնել և խորհրդարան և կառավարություն: Չեմ կարծում, որ մենք ապրում ենք Ռուսաստանի նման մի պետությունում, կամ որ ես Արագածոտնի մարզից տեղափոխվել եմ Մոզամբիկ և այստեղ առաջադրվել»,- ասաց նա:

Լյովա Խաչատրյանը նշեց, որ ԲՀԿ–ին միացավ քանի որ հասկացավ, որ համակարգային փոփոխություն է պետք: «Առանձին վերցրած ժողովրդին ոտքի կանգնեցնելն անհնար է, այդ իսկ պատճառով պետք է համակարգային փոփոխություն: Այս տարիների ընթացքում ոչ մի նոր արտադրանք չտվեցինք»,- ասաց նա: