Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լիտվայի արտգործնախարարին
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-լիտվական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1991 թ., Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ, Լիտվան առաջինն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Երևանում և առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացել է դեսպանություն:
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար` Աուդրոնիուս Աժուբալիսը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև վերջին տարիներին ակտիվացած համագործակցության կապակցությամբ` ընդգծելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների, ամուր իրավապայմանագրային դաշտի, առևտրատնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ծավալների աճի կարևորությունը:
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները հանգամանալից զրույցել են երկկողմ հարաբերությունների, մի շարք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ:
Զրուցակիցները քննարկել են նաև Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան–Եվրոպական Միություն համագործակցությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Այս համտեքստում քննարկվել են Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Էդվարդ Նալբանդյանն ու Աուդրիոնուս Աժուբալիսը մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ առումով Աժուբալիսը վերահաստատել է Լիտվայի աջակցությանը Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
Հանդիպմանն ավարտին տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Աուդրոնիուս Աժուբալիսի մամլո ասուլիսը:









