Ռազմական բյուջետային համակարգը՝ աքիլլեսյան գարշապար. Արթուր Սաքունց

17:40 • 05.04.12

Այսօր Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրեց «Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության հնարավորությունները Հայաստանում» զեկույցը:

Ուսումնասիրությունների արդյունքում գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը եկել է այն եզրհանգման, որ ամենախոցելին Զինված ուժերի հարցում ռազմական բյուջեին է վերաբերում։

«Մեր աքիլլեսյան գարշապարը ռազմական բյուջետային համակարգին է վերաբերում: Պաշտպանական բյուջեի ընդունումն ամբողջությամբ գաղտնիք է: Մյուս երկրներում ռազմական գնումները որոշում է պառլամենտը, իսկ մեզ մոտ բյուջեի անգամ ոչ ռազմական նշանակության ծախսերը գաղտնի են պահվում»,- ասաց նա և ավելացրեց, որ բյուջեի պլանավորման գործընթացը զրոյական մակարդակի է:

Մյուս կարևոր թերությունը, ըստ նրա այն է, որ այլընտրանքային ծառայության մասին օրենքը չի գործում, ինչպես նաև բացակայում են ներքին բողոքարկման արդյունավետ մեխանիզմները, պատշաճ քննություն չի իրականացվում զինված ուժերում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ:

Բացի այդ նրա խոսքով զինված ուժերի վերաբերյալ օրենսդրական բազան, գերատեսչական, նորմատիվ փաստաթղթերը մատչելի չեն քաղաքացիների համար:

Սաքունցի կարծիքով նման պարագայում պետք է ընդունվի Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության մասին օրենք:

«Հստակ պետք է օրենք մշակվի և անհապաղ ընդունվի»,- ընդգծեց նա՝ կարևորելով նաև պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկի սահմանումը:

Ըստ իրավապաշտպանի մահացության յուարաքանչյուր դեպքի վերաբերյալ պետք է իրականացնել ծառայողական և քրեական գործերի քննության բազմակողմանի իրականացում, ինչպես նաև տարեկան զեկույց հրապարակել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: