Այսօր հայտնի կդառնա, թե ովքեր են մեկնելու Մոսկվա մասնակցելու «Նոր ալիք» մրցույթի կիսաեզրափակիչին

12:32 • 05.04.12

Ամենամյա Նոր ալիք երգի մրցույթի նախընտրական փուլը՝ թե՛ մեծերինը, թե՛ փոքրերինը, Հայաստանում արդեն սկսվել է երեկվանից: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցևը տեղեկացրեց, որ երեկ արդեն հացրել են լսել ավելի քան 30 երեխայի և 30 մեծի:

«Մեզ զարմացրեց այն, որ այդքան մեծ քանակությամբ տաղանդավոր մարդկանց հանդիպեցինք: Մենք ընտրեցինք մոտ 15-16 մասնակցի: Հուսով եմ, որ այսօր կկարողանանք ընտրել այն մարդկանց, ովքեր կմեկնեն Մոսկվայում անցկացվող նախընտրական փուլին մասնակցելու»,-ասաց նա:

Մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի տնօրեն Ստելլա Խաչենյանցը ներկայացրեց «Նոր ալիք» մեծերի մրցույթի մասնակիցներին, որոնց մեջ հանրությանը առավել հայտնի անուններն են Հռիփսիմե Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Լուսինե Աղաբեկյանը, Սուրեն Առուստամյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել անգամ Շանհայում ապրող մի հայ աղջիկ:

Այն հարցին, թե Հայաստանի մասնակիցները ինչով են տարբերվում մյուս երկրների մասնակիցներից, մրցույթի գլխավոր տնօրենը պատասխանեց. «Տարբերվում եք կոլորիտով, ինքնատիպությամբ, յուրահատուկ երաժշտական ընտրությամբ: Դուք ժամանակից եք և դա կարևոր է, քանի որ մրցույթը ժամանակակից է»,-ասաց նա:

Tert.am-ի այն հարցին, թե այս տարի քանի երկիր է մասնակցելու մրցույթին, Ռումյանցևը, ասա, որ պարզ կլինի միայն կիսաեզրափակչին:

«Անցած տարի մենք ստացել ենք հայտեր 37 երկրներից, բայց իհարկե այդքան երկիր չի մասնակցում: Կարծում եմ այս տարի մրցույթին կմասնակցի մոտ 16 երկիր»,-ասաց նա:

Մրցույթի գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ ժյուրիի վրա ազդեցություն չի ունենալու մասնակիցների հայտնի կամ ոչ այնքան հայտնի լինելու հանգամանքը:

«Մեզ համար հաճելի է, որ գալիս են արդեն կայացած երգիչներ: Մեր մրցույթը պրոֆեսիոնալ է: Դա այնպիսի մրցույթ չէ, որ աշխատանքի գնալիս մի հատ մտնեն, նոր ճանապարհը շարունակեն, բայց դա նշանակություն չունի»,-ասաց նա: