Նուրգալիևը ցավում է, որ չի կարող այլմոլորակային ոստիկաններ ունենալ

12:13 • 05.04.12

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը կարծում է, որ ոստիկանության խնդիրները բնորոշ են երկրի ողջ հասարակությանը, որտեղ գոյություն ունի կրթության, բարոյականության ու դաստիարակության պակաս, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Չէ՞ որ հարցն այն չէ, որ մենք ենք վատը, այլ այն, որ մեր հասարակությունը նույնպես հիվանդ է նույն խնդիրներով: Չէ՞ որ ես չեմ կարող այլմոլորակներից ոստիկաններ հավաքել: Այդ ոստիկաններից ոմանք ձեր բարեկամն են, ընկերը, նրանք բոլորն էլ ռուսներ են», - ասել է Նուրգալիևը` անդրադառնալով վերջին շրջանում ռուս ոստիկանների դաժան գործողություններին, որոնց հետևանքով ձերբակալվածները մահանում են հենց ոստիկանական բաժանմունքներում:

Վերջին աղմկահարույց դեպքը Կազանում տեղի ունեցածն էր, երբ ձերբակալվածը ոստիկանների կողմից ծեծի էր ենթարկվել, բռնաբարվել, ինչից հետո մահացել էր:

Նուրգալիևի համոզմամբ` իրավապահ մարմինների աշխատակիցներն ընտրվում են լավագույն չափանիշերով:

«Ուրեմն հարցն այլ հարթությունում է: Որտե՞ղ է կրթությունը, որտե՞ղ դաստիարակությունը, որտե՞ղ է բարոյականությունը», - ասել է նախարարը:

Ի դեպ, օրերս նա առաջարկել էր ոստիկանական ուսումնական հաստատություններում «Մարդասիրություն» առարկա մտցնել: