Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հղել ԱԺ նախագահին և պատգամավորներին
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան գրություն է ուղարկել Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին և պատգամավորներին և խնդրում մինչ չորրորդ գումարման ՀՀ ԱԺ լիազորությունների ավարտը կներակայացնեն իրենց գնահատականներն ու դիրքորոշումները 2011թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերում զոհված 8 զինծառայողների յուրաքանչյուր գործում բարձրացված խախտումների առկայության կամ բացակայության վերաբերյալ:
«2011թ. Սեպտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերում զոհված 8 զինծառայողների հարազատների հետ միասին հանդիպեցինք ձեզ և ներկայացրեցինք մարդկային ու իրավական տեսանկյունից ցավոտ մի շարք խնդիրներ: Ձեր խորհրդով և խնդրանքով մինչև նույն թվականի հոկտեմբերի 17-ը, օրեր շարունակ գործակցելով զոհվածների հարազատների հետ, պատրաստվեցին և Ձեզ ուղարկվեցին զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ կազմված թվով 8 տեղեկանքներ»,– ասվում է գրությունում:
Կարեն Անդրեասյանը նշում է, որ «տեղյակ ենք, որ սրտացավորեն վերաբերվելով մեր բարձրացված խնդիրներին՝ օրենքով ձեզ տրված իրավասությունների շրջանակներում դիմել եք համապատասխան պետական մարմիններին և ստացել որոշակի պատասխաններ»:
«Ես և զոհված զինծառայողների ծնողները խնդրում և ակնկալում ենք, որ մինչ չորրորդ գումարման ՀՀ ԱԺ լիազորությունների ավարտը հիշյալ հարցումների արդյունքներով կներակայացնեք ձեր գնահատականներն ու դիրքորոշումները յուրաքանչյուր գործում բարձրացված խախտումների առկայության կամ բացակայության վերաբերյալ:
Հասկանալով ընթացիկ գործերով քննությանը միջամտելու օրենսդրական սահմանափակումները՝ այնուամենայնիվ, ակնկալում ենք զոհվածների իրավահաջորդներին հնարավոր իրավաքաղաքական Ձեր աջակցությունը նաև այդ գործերով:
Նվազագույնը խնդրում ենք այդ ութ զինծառայողների հարազատներին իրազեկել մեր սեպտեմբերյան հանդիպման, դրան հետևած մեր տեղեկանքների և ձեր հարցումների արդյունքների, ինչպես նաև ընթացող ու սպասվող գործընթացների մասին»,– ասվում մարդու իրավուքնների պաշտպանի գրությունում:









