Կառավարությունը կատարել է 2012 թ. առաջին եռամսյակի բյուջետային ծրագիրը. վարչապետ

12:02 • 05.04.12

ՀՀ կառավարությունը 2012թ. առաջին եռամսյակում ամբողջությամբ կատարել է իր բյուջետային ծրագիրը, այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով բյուջետային ցուցանիշները։

«Հարկային և մաքսային հավաքագրումները, ինչպես նաև սոցիալական ապահովության վճարները նույնիսկ գերակատարվել են: Հավաքագրվել է 177 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 միլիարդ 570 մլն դրամով: Ծրագիրն ամբողջությամբ կատարվում է, և համոզված եմ, որ այս տեմպը մինչև տարեվերջ կշարունակվի»,–ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հաստատվել են առաջիկա մակրոտնտեսական ցուցանիշները։ Գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է ներկայացնել իրենց առաջիկա երեք տարիների ծախսերը։

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվեց 278 հազար եվրո գումար, մարզային վեց գրասենյակներ բացելու և թեժ գիծ ծառայություն ներդնելու համար։

Գրասենյակների բացումը նպատակ ունի առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ ապահովել ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքների պաշտպանությունը։
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում կար 45 այլ հարցր ևս։