Ռադիոտեղորոշիչ կայանի կառուցումը Հայաստանում փոխշահավետ կլինի. փորձագետներ

14:46 • 05.04.12

«Անգամ եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը Գաբալայի պահպանման հարցում համաձայնության գան, միևնույնն է, եթե ռադիոտեղորոշիչ կայանը կառուցվի Հայաստանում, այն շատ ավելի մեծ կիրառական նշանակություն կունենա, քան Ադրբեջանում տեղակայվածը»,– Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեր խնդրանքով մեկնաբանելով Հայաստանում ՌԴ ռադիոտեղորոշիչ կայանի հնարավոր կառուցման հարցը։

Հիշեցնենք, որ երեկ  ռուսական Коммерсантъ պարբերականը հրապարակել էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հետ հարցազրույցը, որում վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) կառուցման համար, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան Գաբալայի կայանի վարձակալության հարցի շուրջ: Հայաստանի վարչապետի այս հայտարարությունն արժանացել է նաև ռուս քաղաքագետների մեկնաբանություններին։

Պարզաբանելով, թե ինչով Հայաստանում ՌՏԿ կառուցումն ավելի մեծ կիրառական նշանակություն կունենա, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Եթե դա լինի Հայաստանում, պետք է նոր բան կառուցվի, իսկ Հայաստանի դիրքը և ավելի բարձրադիր է, և ավելի հարավային է, այսինքն՝ Հայաստանի դիրքը շատ ավելի լավ է, քան Ադրբեջանինը, որտեղ այժմ տեղակայված է Գաբալան։ Խոսելով Հայաստանում ՌՏԿ հնարավոր կառուցման ռազմական նշանակության մասին՝ փորձագետն ընդգծեց, թե դրանով Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունն ավելի կամրանա։ Ըստ նրա՝ նման կայանի կառուցումը Հայաստանում կունենա նաև ռազմավարական մեծ նշանակություն։

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը Tert.am–ի հետ զրույցում նույն հարցի կապակցությամբ կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի կողմից Գաբալայի պահպանման վարձը բարձրացնելը այն Ադրբեջանում պահելու անհրաժեշտության հարց է առաջ բերում, իսկ մյուս կողմից Հայաստանում ՌՏԿ կայանի կառուցումը ռազմատնտեսական խոշոր նշանակություն կունենա։

«Սա հայ–ռուսական ռազմական համագործակցության լավ խթան կհանդիսանա և կդառնա Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը կապող ևս մեկ օղակ։ Բացի այդ՝ դրանով կընդգծվի, որ տարածաշրջանում Հայաստանը՝ որպես գործընկեր, հարկավոր է Ռուսաստանին»,– նշեց Մարգարովը՝ հավելելով, թե այլ հարց է՝ որքանով է ռեալ կոնկրետ ժամկետներում նման կայանի շինարարությունն իրականացնելը։ Խնդրի բացասական հետևանքների մասին մեր հարցին քաղաքագետն արձագանքեց, որ եթե նման բան լինի, ապա Հայաստանում կրկին կհնչեն դժգոհության այն ձայները, որոնք լսվեցին Հայաստանում ռուսական ռազմաբազաների գոյության ժամկետը երկարաձգելուն միտված պայմանագրի ստորագրման ժամանակ։