«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» դաշինքը տեր է կանգնելու իր յուրաքանչյուր քվեին. Խաչատուր Քոքոբելյան (լուսանկարներ)
«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» դաշինքը տեր է կանգնելու իր յուրաքանչյուր քվեին և ունի այդ ներուժը: Այսօր միասնական դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական բացումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց շտաբի ղեկավար ընտրված Խաչատուր Քոքոբելյանը: «Մենք վստահ ենք, որ մեր քվեներին կարող ենք տեր կանգնել, տեղյակ ենք կեղծարարություններից և կարողանալու ենք խելքին խելքով, ուժին՝ ուժով պատասխանել։ Մեր ռեսուրսները բավարում են, որպեսզի մեր որևիցե քվե չկորի»,-հայտարարեց նա:
Մինչ այդ նա խոսեց դաշիքնի՝ ընտրություններից առաջ կատարած աշխատանքներից՝ նշելով, որ մինչև քարոզարշավի սկիզբը, այսինքն՝ ապրիլի 8-ը կլրացնեն շրջաններում եղած շտաբների բացը: Ըստ նրա, այս պահին գործում է շուրջ 50 շտաբ, որոնց թիվը կհասցվի շուրջ 70-ի: «Յուրաքանչյուր ընտրատեղամասում երկու վստահված անձ կունենանք, իսկ ամբողջ ընտրական ընթացքին ընդհանուր առմամբ կհետևի 5000 անդամ: Ընդդիմության համար այդ թիվը քիչ չէ, և դա զուտ թվաքանակ չէ»,-ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ իրենց թիմը լավ պատկերացնում է, թե ինչ է իրենից ներկայացնում ընտրությունը. «որը երբեմն վեր է ածվում ճակատամարտի»:
Դաշինքը, ըստ նրա, բնականաբար պայքարելու է իշխանական կուսակցությունների դեմ, ովքեր էլ, նրա խոսքերով, հիմանկանում կփորձեն դիմել ընտրակեղծքիների: «Դաշինքը չի օգտվել և չի էլ օգտվի սև PR-ից»,-ասաց նա և ավելացրեց, որ միևնույն ժամանակ վստահ է, որ իրենց դեմ նման աշխատաոճ կլինի: Քոքոբելյանը սակայն խորհուրդ չի տալիս, որ ընդդիմադիր ուժերը դա կիրառեն միմյանց դեմ:
«Մթնոլորտ է ստեղծվել, թե ընդդիումությունը պայքարելու է ընդիմության դեմ, սակայն ակնհայտ է, որ յուրաքանչյուր կուսակցություն ունի իր հստակ էլեկտորատը։ ՀՅԴ-ն իր էլեկտորատն ունի, մենք մերը , իսկ ՀԱԿ-ն՝ իրենը»,-ասաց նա:
Ընտրվելու դեպքում, դաշինքը կոալիցիա չի կազմի իշխանական ուժերի հետ: «Մենք բոլորս այն մարդիկ ենք, որ հիմնականում աշխատել ենք ընդիմության ճամբարում, իշխանական որևիցե ուժի հետ Հայաստանի ապագան չենք պատկերացնում՝ հետագայում կոալիցի կազմելու համար։ Հետևաբար ընդդիմության հետ կփորձենք միասին հանդես գալ: Այսօր ընդիմությունն է շահագրգիռ Հայաստանում իրավիճակ փոխել»,-ասաց նա:
Խաչատուր Քոքոբելյանը թե՛ ընդդիմության և թե՛ դիմության հետ ընտրակեղծիքների դեմ պայքարում համագործակցության համար առաջարկում է միայն քննարկման բաց տարբերակը, որին ներկա կլինեն նաև լրագրողներ: Նույն տարբերակով նա նաև առաջարկում է բարձրացնել ընդդիմության թեկնածուներին միասնաբար սատարելու հարցը:
Բոլոր դեպքերում, նա այսօր հայտարարեց, որ թիվ 7 ընտրատեղամասում ինքը կսատարի Նիկոլ Փաշինյանին:
Ի դեպ , վերջում ներկայացվեց նաև դաշինքի էլեկտրոնային հասցեն՝ www. heritage.am:









