«Քայլ ձիով» Գաբալայի հարցում. ռուս փորձագետները մեկնաբանում են Տիգրան Սարգսյանի հայտարարությունը

11:49 • 05.04.12

Երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) կառուցման համար, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան Գաբալայի կայանի վարձակալության հարցի շուրջ: Ռուս քաղաքագետները մեկնաբանել են Հայաստանի վարչապետի այս խոսքերը:

Քաղաքական և ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Շարավինը կարծում է, որ երբ առաջանում են որոշակի խնդիրներ, ինչպես այդ հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, պետք է գտնել այլ տարբերակներ:

«Հայաստանում ՌՏԿ-ների տեղակայումը, հավանաբար ավելի արդյունավետ կլինի, քան Ադրբեջանինը: Այսինքն, դա տնտեսական առումով ավելի ձեռնտու է և ավելի հեշտ օգտագործվող: Այսինքն, եթե մենք չկարողանանք համաձայության գալ Բաքվի հետ, ապա ինչո՞ւ չենք կարող ընդառաջել Հայաստանին:

Ռուսաստանը վաղուց արդեն «շրջվել է դեպի» Հայաստան և և կոլեկտիվ անվտանգության համաձայնագիր ստորագրել: Հայաստանը մեր ռազմական դաշնակիցն է: Այնտեղ տեղակայված է ոչ միայն մեր ռազմական բազան, այլև այդ երկրի վրա ցանկացած հարձակման դեպքում մենք պարտավորված կլինենք պայքարել նրա կողմից», - ասել է նա:

ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Ժարիխինը նույնպես կարծում է, որ Հայաստանում ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը ձեռնտու է Ռուսաստանի համար:

«Հայաստանում նոր ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը իսկապես կօգնի բարելավել Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության համակարգը տարածաշրջանում և օգտակար քայլ կլինի ռազմավարական տեսանկյունից: Բայց այստեղ այլ հարց է առաջանում. ինչպե՞ս պետք է լուծվի գույքի սեփականության հարցը, եթե Հայաստանում քաղաքական իրավիճակը փոփոխվի: Այդ խնդիրը հնարավոր կլինի լուծել եթե Հայաստանում տեղակայվելիք կայանը շարժական լինի և խնդիրների առաջացման դեպքում հնարավոր լինի վերադարձնել մեր տարածք:

Նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՀԿ անդամ է, ինչի շրջանակներում ռազմաքաղաքական համագործակցությունը ինտենսիվորեն շարունակվում է և Հայաստանը կարող էր Ռուսաստանին առաջարկել օգտագործել իր տարածքները:

«Հաշվի առնելով, որ Ադրբեջանը Մոսկվայից մեծ գումարներ է պահանջում համակարգի տեղակայման համար, ապա ավելի խելամիտ կլինի տեղակայել ավելի նոր, ժամանակակից և քիչ ծախսատար կայան», - ասել է Վլադիմիր Ժարիխինը:

Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը նշել է, որ Մոսկվան պետք է խուսափի հայ-ադրբեջանական հակամարտության ձգձգումից, քանի որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, իերնք ստիպված կլինենք օգնել Հայաստանին:

«Ես կարծում եմ, որ ՌՏԿ-ի կառուցումն այն հարցը չէ, որի վրա կարելի է շատ գումար ծախսել: Ամեն դեպքում պետք է հիշել, որ Հայաստանում նման օբյեկտի տեղակայումը Ադրբեջանից հրաժարվելով, հակամարտության սրում կառաջացնի», - ասել է նա:

Դելյագինն առաջարկում է այդ հարցով Հայաստանի հետ բանակցություններ սկսել:

«Ես չգիտեմ, թե ինչ արժի նոր կայանի կառուցումը, բայց եթե Ադրբեջանը պահանջում է տարեկան 300 միլիոն դոլար, իսկ նորի կառուցումն արժե 250 միլիոն, անգամ եթե դա մեծ գումար չէ մեր պետության համար ես կսկսեի կառուցել, պարզապես ցույց տալու համար, որ Ռուսաստանն ունի իր անկախ քաղաքականությունը», - ասել է նա:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից տարիներ շարունակ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին, փորձագետը պատասխանել է. «Այդ երկիրը շուտով սեփական արբանյակը կունենա և դժվար թե մերոնք են օգնել նրան այդ հարցում: Իսկ սովորական զենքերի վաճառքը պարզապես լավ բիզնես է: Սակայն եթե վաճառվում են ժամանակակից զինտաեսակներ, որոնք ունեն սկզբունքային նշանակություն ժամանակակից աշխարհում, ես կարծում եմ, որ դա սխալ է», - ասել է նա: