Թիվ 2 ԸԸՀ-ն մերժել է Սամվել Ֆարմանյանի լիազոր ներկայացուցչի բողոքը

18:33 • 05.04.12

Թիվ 2 Ընտրատարածքային հանձնաժողովն իր այսօր հրավիրած նիստում մերժել է թիվ 2 ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Հ1» հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» ղեկավար Սամվել Ֆարմանյանի լիազորված անձի դիմում–բողոքը , այս մասին Tert.am–ը տեղեկացավ թիվ 2 ԸԸՀ նախագահ Ֆրունզե Վարդանյանից:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում գրանցված մյուս թեկնածուն, Հայ ազգային կոնգրեսի անդամ, ինքնառաջադրված Վլադիմիր Կարապետյանն է, և Սամվել Ֆարմանյանի լիազոր ներկայացուցչի բողոքում նշվում էր, թե մյուս թեկնածուն խախտել է քարոզչությամբ սահմանված կարգը՝քարոզչական նյութերի տարածումը սկսելով ժամանակից շուրջ:

Մոտ մեկ ժամ տևած նիստի ընթացքում լսելով Սամվել Ֆարմանյանի և Վլադիմիր Կարապետյանի ներկայացուցիչների առարկությունները, հանձնաժողովն ընդունել է դիմումը մերժելու որոշում, որի հիմք է մատնանշվել Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասը, որը սահմանում է, որ «նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»:

Այսինքն՝ քանի որ քարոզչության իրականացման ժամանակի առումով սահմանափակումներ չկան, հանձնաժողովում խորամուխ չեն եղել՝ Վլադիմիր Կարապետյանի անունից տարածված թերթիկը քարոզչական նյո՞ւթ է, թե ծանոթության թերթիկ, ինչպես երեկ ևս նշում էր Վլադիմիր Կարապեյանը: