Վերընտրման դեպքում Սարկոզին մտադիր է սառեցնել Ֆրանսիայի կողմից ԵՄ-ի բյուջե կատարվող վճարումը

23:19 • 05.04.12

Երկրորդ անգամ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում Նիկոլա Սարկոզին մտադիր է սառեցնել ԵՄ-ի բյուջեին Ֆրանսիայի կողմից իրականացվող վճարումները: Ըստ երկրի գործող նախագահի, նման միջոցառումը անհրաժեշտ է Ֆրանսիայի պետբյուջեի դեֆիցիտը կրճատելու համար, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:

«Ֆրանսիան կպահանջի սառեցնել իր մուծումները: Տնտեսումը տարեկան 600 մլն եվրո կկազմի», - իր նախընտրական ծրագրի տնտեսական բաղադրիչը ներկայացնելիս ասել է Սարկոզին: Սակայն նախագահը չի հայտնել, թե նման միջոցառումը ինչ ժամկետով է նախատեսում իրականացնել:

Նման միջոցառումը մեկն է այն շատերից, որոնք ուղղված են երկրի պետբյուջեի կրճատմանը, ասել է Սարկոզին: Նա՝ որպես թեկնածու, հավատարիմ կմնա ավելի վաղ ստանձնած պարտավորությանը` 2016թ. հասնել զրոյական դեֆիցիտով բալանսավորված բյուջեի: