Սենեգալցի երգիչը դարձել է մշակույթի նախարար
Սենեգալցի երգիչ և ընդդիմադիր գործիչ Յուսու Ն’ Դուրը նշանակվել է երկրի մշակույթի նախարար, հայտնում է BBC News-ը:
Ավելի վաղ Գերագույն դատարանն արգելել էր երգչին առաջադրվել նախագահական ընտրություններում` հայտարարելով, որ Ն’Դուրին չի հաջողվել հավաքել բավարար ստորագրություններ: Մերժում ստանալուց հետո, երգիչը խոստացել էր թույլ չտալ 85-ամյա նախագահ Աբդուլայ Վադին վերընտրվել, ում դատավորները թույլատրել էին առաջադրվել երրորդ անգամ` չնայած երկրի սահմանադրության արգելքին:
Օրերս` մարտի 25-ին, տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Վադը զիջել է ընդդիմադիր թեկնածուին` նախկին վարչապետ, 50-ամյա Մակի Սալին: Նրա հաղթանակի կապակցությամբ, սենեգալցի երգիչը համերգ է տվել մայրաքաղաք Դաքարում: Կառավարության նոր` 25-հոգանոց կազմում նրան առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնը:










