Սյունիքի մարզում «Մերսեդես»-ները բախվել են իրար. կա վիրավոր (լուսանկարներ)

22:05 • 05.04.12

Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 385-րդ կմ հատվածում իրար են բախվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 24-ամյա Ծովակ Խաչատրյանի կողմից վարած «Մերսեդես Ե 200» մակնիշի 07 ՕՏ 697 համարանիշի և Երևանում գրանցված, սակայն փաստացի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում բնակվող 22-ամյա Միհրան Աղայանի վարած «Մերսեդես Բենս Ս-500» մակնիշի 92 ՈՕ 999 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ծովակ Խաչատրյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, ժամկետային զինծառայող է տեղափոխվել է Ագարակի հիվանդանոց:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Անդրանիկ Շաղոյանը, հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Աբգար Առաքելյանը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի