Մեկ տարի անց հասարակական 43 զուգարանների ծրագիրը մնում է չիրագործված

17:06 • 05.04.12

Գրեթե մեկ տարի առաջ Երևանի քաղաքապետարանի՝ մասնավոր ներդրմամբ նոր հասարակական զուգարանների կառուցման մասին ծրագրում դեռ որևէ զարգացում չկա, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։

«Այս առումով զարգացում չկա, քանի որ, ինչպես ինքներդ նշեցիք՝«քաղաքապետարանը ծրագիր է առաջարկել», իսկ մասնավոր ներդրումների առումով շահագրգռվածություն չկա»,– ասաց նա:

Ծրագրի շրջանակում վարչական շրջանների տարածքներում նախատեսվում էր ունենալ 43 տեղ` մինչև 20 քմ մակերեսով:
Մայրաքաղաքի իշխանությունները ընդունում են, որ Երևանում և հատկապես դրա կենտրոնական հատվածներում ու կենտրոնում առկա է զուգարանների սակավության խնդիր, սակայն նաև նշում են, որ քաղաքապետարանն ինքնին շահույթ հետապնդող կազմակերպություն չէ:

Իսկ եթե առաջարկը հետաքրքիր չէ մասնավոր ներդրողների համար, ապա քաղաքապետարանը մասնավոր կազմակերպություններին պարտադրելու իրավասություն չունի:

Նշենք, որ այսպես կոչված «Էկո» շարժական զուգարաններ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, մի քանի տեղերում տեղադրված են՝ մասնավորապես Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Վերնիսաժ տանող, Օղակաձև զբոսայգու մեկ-երկու հատվածներում , և սա հատկապես դժվարություններ է ստեղծում զբոսաշրջիկների համար, որոնք, որպես կանոն, շատ են լինում Երևանի կենտրոնում:

Արթուր Գևորգյանը հավելեց, որ քաղաքապետարանը կշարունակի մշակել առաջարկը, աչքի տակ կունենա տեղեր, որտեղ հետագայում կտեղադրվեն զուգարանները, երբ ծրագրի նկատմամբ հետաքրքրություն նկատվի:

Tert.am –ի խնդրանքով Երևանի քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն անդրադարձավ զուգարանների հարցի «քաղաքական կողմին»: Հիշեցնենք, որ նախորդ տարի Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների ժամանակ զուգարանների հարցը խիստ ակտուալ դարձավ և անգամ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանն իր ելույթներից մեկի ժամանակ, դիմելով Սերժ Սարգսյանին, պահանջեց բացել զուգարանները, տվյալ դեպքում, Ազատության հրապարակին մերձակա սրճարանների զուգարանների, որոնք, ՀԱԿ–ի գնահատմամբ, փակվել էին իշխանությունների հրահանգով:

Արթուր Գևորգյանն ի պատասխան նշեց, որ մարդկանց զուգարաններով ապահեվելու խնդիրը, ինչպես և՝ շատ այլ պարտավորություններ համաձայն «Երթերի, ցույցերի, հավաքների ազատության մասին» օրենքի՝ հավաքի կազմակերպչի «վրա է»: Իսկ քաղաքային իշխանությունների անելիքն է՝ հավաքի կազմակերպիչներին տրամադրել տարածք և այլ կատարալ մյուս պարտականությունները, որում ներառված չէ զուգարանների ապահովումը: