ԱՄՆ-ն կոչ է անում Վրաստանին արագորեն լուծել Իվանիշվիլիի քաղաքացիության հարցը

15:52 • 05.04.12

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը կոչ է արել վրացական իշխանություններին օպերատիվ կերպով լուծել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի քաղաքացիության հարցը, հայտնում է vz.ru-ն: Երեկ երկրի արդարադատության նախարարությունը մերժել էր քաղաքացիություն տրամադրել ընդդիմադիր գործչին:

«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանն արագ կերպով քննարկել քաղաքացիության հարցը` հաշվի առնելով օրենքի առաջ բոլորի հավասարության հանգամանքը»,- ասել է նա:

Վրաստանի ԱՆ-ը չորեքշաբթի, մեկնաբանելով մերժումը, հայտարարել էր, որ Իվանիշվիլին պետք է որպես երկրորդ քաղաքացիություն խնդրի:

Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար, միլիարդատերը նախ հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, ապա նաև` Ֆրանսիայի: Սակայն Ֆրանսիան կզրկի նրան քաղաքացիությունից, եթե նա ստանա Վրաստանի քաղաքացիություն:

Նախորդ տարվա հոկտեմբերին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զրկել էր միլիարդատիրոջը քաղաքացիությունից` պատճառաբանելով, որ նա ունի Ռուսաստանի ու Ֆրանսիայի անձնագրեր: