Հայաստանը հնարավորություն ունի` դառնալու տարածաշրջանային անվտանգության նոր որակի դերակատար. փորձագետ

14:30 • 05.04.12

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց կարևոր հայտարարություն արեց, ըստ որի, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության հարցի շուրջ, Հայաստանը կտրամադրի իր տարածքը ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման համար, իր հոդվածում գրել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը։
Ըստ Դիլանյանի, հայտարարության կարևորությունն ընդգծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել երկու հիմնական գործոններ:

Առաջին` Հայաստանի պաշտպանության/անվտանգության տեխնիկական ապահովման տեսանկյունը:
Եթե Հայաստանում ՌՏԿ-ն տեղակայվի, այն ամենայն հավանականությամբ կլինի «Дарьял» տեսակի (որի RO-7 դիզայնավորված տեսակն է Ադրբեջանում) վերափոխված տարբերակը` հաշվի առնելով Ռուսաստանի` ՌՏԿ համակարգի արդիականացման ներկայիս պլանները: Ըստ երևույթին, խոսքը նորագույն «Воронеж» ռադարի մասին է, որն այժմ համարվում է Ռուսաստանի հակակշիռը Թուրքիայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից ռադարների տեղակայման քաղաքականությանը:

«77Я6 Воронеж» վաղ ահազանգման համակարգը կարող է հայտնաբերել բալլիստիկ, տիեզերական և աէրոդինամիկ օբյեկտներ, այդ թվում բալլիստիկ և թևավոր հրթիռներ: Սրա առավելությունն այն է, որ ի տարբերություն մյուս հեռակա հայտնաբերման կայանների, ունակ է անհամեմատ արագ վերատեղակայվել և վերատեղահանվել: Մյուսը` այն բաղկացած է 23 տեխնիկական սարքավորման միավորից, մինչդեռ, օրինակ, Դարյալը` 4070: Երրորդ` ծախսում է անհամեմատ քիչ էներգիա, քան նախորդները: Կան «Վորոնեժի» մի քանի տեսակներ, որոնք աշխատում են ռադիոալիքների մետրային («Воронеж-М» և «Воронеж-ВП») և դեցիմետրային («Воронеж-ДМ»` 6 հազար կմ հեռահարությամբ և 500 օբյեկտ միաժամանակ հսկելու ունակությամբ) դիապազոնով:

Փաստորեն, Հայաստանը հնարավորություն ունի` դառնալու տարածաշրջանային անվտանգության նոր որակի դերակատար:

Երկրորդ` հայտարարության ժամանակի գործոնը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության համատեքստում` հաշվի առնելով Իրան-Արևմուտք հարաբերությունների վերջին շրջանի լարվածությունը և Իրանի դեմ Ադրբեջան-Իսրայել տանդեմի ձևավորման ուղղությամբ Բաքվի քաղաքական ներկայիս կուրսը:

Հայաստանի այսօրինակ դիրքորոշումը մի կողմից ցույց է տալիս Իրանի վրա հնարավոր հարձակման քայլի հանդեպ չկամությունը` որպես արտաքին աշխարհի հետ շփման երկու ուղիներից մեկի արգելափակում, ինչը բազմիցս շեշտվել է ՀՀ նախագահի կողմից, մյուս կողմից` հավասարակշռում ՆԱՏՕ-ի հետ բազմակողմ համագործակցություն զարգացնելու ուղղությամբ Հայաստանի քաղաքականությունը:

Փաստորեն, վարչապետի հայտարարությունը նաև ենթադրում է միջազգային անվտանգության համակարգի նոր վերադասավորում` միևնույն ժամանակ էապես փոխելով տարածաշրջանային համատեքստում Հայաստանի` միջազգային անվտանգության ապահովման դերակատարի վերաբերյալ Թուրքիայի ու Ադրբեջանի ավանդական պատկերացումը: