ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «IPv6 արձանագրության միջազգային օր» իրադարձությանը

17:21 • 05.04.12

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից տեղեկացնում են հունիսի 6-ին նախատեսված` «IPv6 արձանագրության միջազգային օր» նախաձեռնությանը միանալու մասին:

«Ինտերնետային ծառայությունների առաջատար մատակարարները, ցանցային սարքավորումներ արտադրողները և ցանցային ընկերությունները հանդես են եկել նախաձեռնությամբ, համաձայն որի մինչև 2012 թ. հունիսի 6-ն իրենց արտադրանքի և ծառայությունների համար պետք է սկսեն օգտագործել IPv6 ինտերնետ արձանագրությունը: Որպես հայաստանյան բջջային հաղորդակցության ոլորտի առաջատար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս որոշում է կայացրել մասնակցելու IPv6 ինտերնետ արձանագրության գործարկման միջազգային նախաձեռնությանը, որը համացանցի պատմության մեջ ամենամասշտաբային սերնդափոխությունը կդառնա»,– նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ ինտերնետային հանրության կողմից կազմակերպված IPv6 ինտերնետ արձանագրության գործարկման միջազգային օրը նոր սերնդի ինտերնետ արձանագրության համաշխարհային մասշտաբով անցման կարևոր քայլ է: IPv6-ը` ներկայում գործող IPv4-ին հաջորդող ինտերնետ արձանագրությունը, առանցքային նշանակություն կունենա համացանցի զարգացման ոլորտում:

«1981-ից գործող IPv4 արձանագրության հասցեներն արդեն գրեթե սպառված են: Ինտերնետի արագ աճին զուգընթաց ի հայտ են եկել նոր` IPv6, ինտերնետ արձանագրության ստեղծման անհրաժեշտությունը, որն ընձեռում է ավելի շատ IP հասցեներ տրամադրելու և հետևաբար` համացանցին ավելի շատ թվով սարքեր միացնելու հնարավորություն»,– ասվում է «Վիվա Սել–ՄՏՍ»–ի հաղորդագրության մեջ:

Ի տարբերություն IPv4-ի, IPv6-ի կարևորագույն առանձնահատկություններից է հասցեների առավել ընդլայնված տարածքը: Մասնավորապես`IPv4 ինտերնետ արձանագրությունն օգտագործում է հասցեների 32-բիթանոց ձևաչափ, կամ, այլ կերպ ասած` ապահովում է ավելի քան 4 մլրդ եզակի IP հասցե, իսկ 1995թ.-ից` IPv4 արձանագրությանը զուգահեռ գործող IPv6 արձանագրությունն օգտագործում է հասցեների 128-բիթանոց ձևաչափ և համապատասխանաբար` ապահովում է 340 տրլն տրիլիոն տրիլիոն եզակի հասցե:

«Վիվա Սել–ՄՏՍ»–ում IPv6-ի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորում են ավելի մեծ թվով անհատական IP հասցեներ ապահովելու անհրաժեշտությամբ` հաշվի առնելով ինտերնետին միացման համար օգտագործվող սարքերի` անհատական համակարգիչների, բջջային հեռախոսների և բազմապիսի այլ սարքերի օրեցօր աճող թիվը:

«Բջջային հաղորդակցության շուկայում առաջատարի ղեկը ստանձնած ՎիվաՍել-ՄՏՍ-ը տվյալների փոխանակման ծավալների շարունակական աճ է արձանագրում, և մեծ կարևորություն է տալիս IPv6 ինտերնետ արձանագրության ներդրմանը»,– տեղեկացնում են ընկերությունից՝ հավելելով, որ IPv6-ը հասանելի կլինի ավտոմատ կերպով` IPv4-ին զուգահեռ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջը` www.vivacell.am աշխատում է թե՛ IPv4 և թե՛ IPv6 ինտերնետ արձանագրություններով: