Ֆրենսիս Բեքոնի սիրեկանին նվիրված կտավը գնահատվել է 40 մլն դոլար

12:10 • 06.04.12

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի «Սոթբիզ» աճուրդում մայիսի 9-ին վաճառքի կհանվի Ֆրենսիս Բեքոնի «Գրող մարդու արտացոլանքը» (Figure Writing Reflected in Mirror) կտավը: Bloomberg-ի հաղորդմամբ` 1976 թ.-ին ստեղծված նկարն աճուրդի կազմակերպիչները գնահատել են մոտ 40 մլն դոլար:

1977թ.-ից նկարը գտնվել է մասնավոր հավաքածուում:  Աճուրդի տան ներկայացուցիչ Տոբիաս Մայերը հայտնել է, որ Բեքոնի նման մակարդակի կտավներն աճուրդում չեն հայտնվել 2008թ.-ից, երբ ռեկորդային գումարով` 86.2 մլն դոլարով վաճառվել էր անգլիացի էքսպրեսիոնիստի «Տրիպտիխ» կտավը: Այն ձեռք էր բերել միլիարդատեր Ռոման Աբրամովիչը:

The Guardian-ի տեղեկացմամբ` նկարում պատկերված «գրողը» հիշեցնում է նկարչի սիրեկանին` Ջորջ Դայերին, ով ինքնասպան է եղել 1971թ.-ին: Նկարիչն իր սիրեկանին նվիրել է մի շարք աշխատանքներ:

Աճուրդում վաճառքի կհանվի նաև Ռոյ Լիխտեյնշտեյնի «Քնած աղջիկը» կտավը, որը նույնպես գնահատվում է 40 մլն դոլար: