Բելառուսական ինքնաթիռներին արգելվել է թռչել ռուսական մի շարք քաղաքներ

13:05 • 06.04.12

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը նամակ է հղել Բելառուսի տրանսպորտի ու կապի նախարարությանը, որտեղ ասվում է, որ ապրիլի 13-ից Մոսկվան կարգելի «Բելավիա» ընկերությանը չվերթեր իրականացնել Եկատերինբուրգ, Պետերբուրգ, Սոչի, Կալինինգրադ ու Նովոսիբիրսկ:

Այսինքն`«Բելավիա»-ն չվերթեր կիրականացնի միայն Մոսկվա, գրում է Коммерсант-ը` վկայակոչելով Ռուսաստանի ու Բելառուսի միջև օդային հաղորդակցության շուրջ բանակցությունների ընթացքից լավատեղյակ աղբյուրին:

Աղբյուրի համաձայն` ՌԴ տրանսպորտի նախարարությունն իր որոշումը բացատրել է բելառուսական կողմի «ոչ կառուցողական դիրքորոշմամբ»: Ապրիլի 5-ին Բելառուսը Ռուսաստանին հայտնել էր, որ ապրիլի 13-ից Մոսկվայի և Մինսկի միջև չվերթեր կիրականացվեն 5-ի փոխարեն օրական 4 անգամ:

Բելառուսցի գործընկերների գործողություններից «անակնկալի» եկած ռուսական նախարարությունը պատրաստ է «անհապաղ հանդիպել ու քննարկել հարցը»: Ռուսական պատվիրակությունը պատրաստվում է ապրիլի 9-ին մեկնել Մինսկ: