Պատասխանելով կոնգրեսականի հարցին Քլինթոնը խոստացել է աջակցել Ջավախքին (տեսանյութ)

10:42 • 06.04.12

Ի պատասխան Կոնգրեսական Բրեդ Շերմանի գրավոր հարցին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես վերահաստատել է, որ նախագահ Օբամայի վարչակազմը «զգալի օժանդակություն կցուցաբերի Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանին», - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Պետքարտուղարը նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կազմակերպության միջոցով վերականգնվել է Թբիլիսին Ջավախքին կապող մոտ 222 կմ-ամոց հիմնական ճանապարհը` գյուղատնտեսական արտադրանքի արտահանման միջոցով տարածաշրջանում տնտեսության զարգացումը խթանելու նպատակով: Քլինթոնի խոսքերով` ԱՄՆ-ն նաև շարունակելու է օժանդակել անասնապահության, կաթնամթերքի վերամշակման, հողագործության, գործարարության զարգացման և զբոսաշրջության ոլորտներում՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

«Մենք գնահատում ենք կոնգրեսական Շերմանի առաջարկը՝ Ջավախքի տնտեսական բարեկեցության վերաբերյալ», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հիշեցնենք , որ անցյալ ամիս, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում, Շերմանը դիմել է նաև Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Ռաջիֆ Շահին` Ջավախքին հավելյալ օժանդակություն ցուցաբերելու հարցով:

«Վրաստանում և հատկապես Ջավախքում, մենք աշխատում ենք հատուկ ծրագրերով, որոնք նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը: Մենք փորձում ենք իրականացնել այս ծրագրերը` խորհրդակցելով ամերիկահայ համայնքի հետ», - ասել է Ռաջիֆ Շահը: